ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը փակելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ չի եղել այնպիսի իրավիճակ, որ կարելի է դեսպանատուն փակել: Օգոստոսի 2-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ Հայաստանի դեսպանատունը, դիվանագիտական կառույցները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը:
«Սիրիահայերը խնդրում են լրագրողներին լինել առավել զուսպ եւ չանդրադառնալ այնպիսի խնդիրների, որոնք կարող են վնասել համայնքին: ՀՀ նախագահի բանագնաց Լեւոն Սարգսյանը պարբերաբար լինում է Սիրիայում, բարձրացնում է խնդիրներ, որոնց տրվում են համապատասխան լուծումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Հակոբյանը: Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների կողմից սիրիահայերի համար կատարվող աշխատանքը մինչեւ հունիսի վերջ չէր հրապարակվում, քանի որ դեպքերը շատ չէին հասունացել:«Մենք չպետք է հայտարարություններ անեինք, որով կընկալվեր, թե Հայաստանը ցանկանում է խառնվել Սիրիայի ներքին խնդիրներին, բացի այդ, չէինք ցանկանում խուճապ առաջացնել հայկական համայնքում»,-նշեց նախարարը:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` Հակոբյանը նշեց, որ պատրաստվում էր Սիրիա մեկնել դեռեւս մարտին, սակայն նպատակահարմար չէ նմանատիպ քաղաքական այցելությունները, քանի որ ընդդիմության կողմից կարող է գնահատվել ոչ ճիշտ: Նախարարը լրագրողներին եւ հասարակությանը հորդորեց, որ իր` Սիրիա չմեկնելը չընկալվի որպես վտանգից խուսափում:
Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների թվում շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: