ԴԱՀԿ-ն վստահեցնում է` աճուրդների գործընթացում ստվերը բացառված է

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով բռնագանձումների աճ է արձանագրել, ինչպես նաեւ աճուրդով իրացվող գույքի վաճառքի քանակական ավելացում: Նախորդ տարվա առաջին կիսամյակի 730 միլիոն դրամի վաճառքի դիմաց այս տարվա առաջին կիսամյակում այս ցուցանիշը կազմել է 930 միլիոն դրամ:

ԴԱՀԿ համակարգում փոփոխությունների եւ ձեռքբերումների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ենոք Անդրեասյանի հետ:

- Պրն Անդրեասյան, բռնագանձումների ցուցանիշերի ավելացումն ինչո՞վ եք պայմանավորում, հիմնականում ի՞նչ գործերի բերումով են դրանք արձանագրվել, այդ դեպքերի մարզեր-մայրաքաղաք տարանջատումն ինչպիսին է:

-Մարզեր-մայրաքաղաք տարանջատումը սովորաբար մեծ չէ, բայց ավելի լիկվիդային է մայրաքաղաքի գույքը: Գոտիականությունից ելնելով` ինչքան հեռանում ենք մայրաքաղաքից, այնքան, բնականաբար, գույքի արժեքն ընկնում է: Խնդիրը նրանում է, որ մարզային գույքը` հիմնականում հողատարածքները մի փոքր դժվարությամբ են վաճառվում: Մտածելակերպի խնդիր կա, այդքան էլ հեշտ չէ հարևանի կամ բարեկամի հողակտորը գնելը: Իսկ քաղաքում այդ խնդիրը չկա: Տարբերությունը հիմնականում դրանում է:

- Ենթադրենք` քաղաքացին ցանկանում է մասնակցել ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդին: Ի՞նչ հերթական քայլեր պետք է նա անի:

- Բռնագանձված ապրանքների աճուրդ-վաճառքն իրականացվում է achurd.am կայքի միջոցով` կենտրոնացված համակարգով, այնպես որ բոլոր տեղերից հնարավորություն կա աճուրդի մասնակցել: Նույնիսկ մեր մարզային եւ տարածքային բաժիններում հատուկ համակարգիչներ են տեղադրված քաղաքացիների համար: Ովքեր հնարավորություն չունեն համացանցից օգտվելու, կարող են գալ մեր ծառայություն և մասնակցելով աճուրդի` գնել ցանկացած գույք: Ընդ որում` մարդը կարող է, օրինակ, գտնվել Սյունիքի մարզում և գնել գույք Տավուշի մարզից` առանց որևէ խոչընդոտի:

- Աճուրդների թափանցիկ լինելու մասին ի՞նչ կասեք:

-2006 թվականի հոկտեմբերի 1-ից «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքով` աճուրդները հարկադիր կատարման ծառայությունում անցկացվում են միայն էլեկտրոնային եղանակով: Աճուրդների թափանցիկ և ազատ լինելու վերաբերյալ խնդիր չկա, որովհետև ինտերնետային գործարքները շատ թափանցիկ են, ցանկացած մարդ կարող է դիտել մեր աճուրդը` անկախ նրանից` ինքը գրանցված է , թե ոչ: Մասնակցության ամենակարևոր հատկանիշն այն է, որ առանց մեզ այցելելու` քաղաքացին կարող է, օգտվելով իր վճարային համակարգից, գրանցվել և մասնակցել աճուրդի` առանց ԴԱՀԿ ծառայության աշխատակցի հետ շփվելու: Այսինքն` այստեղ բացառվում են կոռուպցիոն ռիսկերը, ցանկացած քաղաքացի, հատկապես պահանջատերը և պարտապանը, ովքեր շահագրգռված են իրենց գույքի ճակատագրով, կարող են դիտել մեր աճուրդները և անհրաժեշտության դեպքում նաև մասնակցել:

- Ո՞րն է երաշխիքը, որ աճուրդի ենթակա գույքն ամբողջապես գրանցվում է էլեկտրոնային համակարգում, այսինքն` մինչ համացանց հասնելը չի վաճառվում, իրացվում:

- Օրենքով կարգավորված է այդ խնդիրը: Առանց մեր կենտրոնացված համակարգից տրված փաստաթղթի` անհնար է, որ նոտարական որևէ ձևակերպում լինի: Հարկադիր կատարողն օրենքով իրավունք չունի այդպիսի գործարք կատարելու, բացի այդ` նոտարն ինքը կամ որևէ գրանցող կազմակերպություն չի կարող դա անել: Օրենքի խախտում է դա, այդպիսի գործարքը կլինի առ ոչինչ:

- Պարոն Անդրեասյան, անդրադառնանք մի շարք խարդախ հայտարարություններիայն մասին, թե կան մարդիկ, ովքեր իբր կարող են օժանդակել, միջամտել, միջնորդ հանդիսանալ աճուրդների գործընթացին: Եվս մեկ անգամ, խնդրում եմ, ուղղել Ձեր հորդորը բնակչությանը` հավատա՞լ, թե՞ չհավատալ նման հայտարարություններին, արդյո՞ք նման բան հնարավոր է:

-Շնորհակալ եմ Ձեր հարցի համար: Մենք ամեն կերպ աշխատում ենք բնակչությանը հասցնել այդ գաղափարը` նման երեւույթները մենք բացառել ենք, քանի որ և համապատասխան պետական ծառայությունները չեն կատարի գրանցում, և հարկադիր կատարողը չի կարող շրջանցել մեր կենտրոնացված համակարգը: Եւ որևէ մեկը չի կարող խոչնդոտել երրորդ անձին, ով կմասնակցի աճուրդին: Այս պայմաններում որևէ անձ, այդ թվում և ես, չի կարող երաշխավորել որևէ մեկին, որ տվյալ գույքը հենց ինքը կգնի: Բացառվում է այդպիսի բան: Համակարգը սպասարկվում է ոչ թե մեր, այլ մեկ այլ կազմակերպության կողմից, և աճուրդի գործընթացին որևէ մեկը չի կարող միջամտել: Այդ թվում նաև ես կամ որևէ մեկը մեր ծառայությունից:

- ԴԱՀԿ աշխատակիցների կերպարի փոփոխության մասին ինչ կասեք, մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում: Էլեկտրոնային համակարգի անցնելու աշխատելաոճը փոխե՞լ է արդյոք մարդկանց վերաբերմունքը Ձեր հանդեպ:

-Վերաբերմունքի փոփոխության մասին մարդիկ իրենք կարող են ասել: Վստահ եմ, որ մեր ծառայությունը բավականին լուրջ աշխատանք է կատարում հարկադիր կատարողի կերպարը փոխելու, հասարակության մեջ նոր ձևով ներկայանալու ուղղությամբ, քանի որ էլեկտրոնային համակարգի անցմամբ ոչ միայն աճուրդն է անցել էլեկտրոնային համակարգի, այլև հարցումները, փաստաթղթերի ձևակերպումները, բանկերի հետ աշխատանքը, պետական ռեգիստրի, կադաստրի հետ աշխատանքը : Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմքեր ունենա կասկածելու հարկադիր կատարողների գործառույթների թափանցիկության վրա: Մենք այսքանին զուգահեռ աշխատում ենք նաև ավելի բարձրացնել աշխատողների մակարդակը: Ծառայողները բոլորն ունեն համակարգիչներ, տիրապետում են տեխնիկային, ինքնուրույն են իրենց գործերը կազմում, ուղարկում: Այնպես որ անգամ ժամանակից առաջ ենք: Նույնիսկ Գերմանիան 2009 թվականից է անցել էլեկտրոնային կենտրոնացված համակարգի, իսկ Ռուսաստանը դեռ չունի:

- Կխնդրեմ մի փոքր պատմել` աճուրդների անցկացման մշակույթն արդյո՞ք արդեն ձեւավորված է մեզանում: Մարդիկ արդեն համակերպվե՞լ են, գիտե՞ն ինչպես մասնակցել, քանի որ հատկապես մարզերում մարդիկ առանձնապես համակարգչային հմտություններ չունեն:

-Կարծում եմ այո: Եթե նայենք վիճակագրությանը` ապա տարեցտարի մեր մասնակիցների թվաքանակն ավելանում է: Ամեն տարվա ցուցանիշը նախորդ տարվա համեմատ մոտ 15-20 տոկոսով ավելի է լինում, քանի որ մարդիկ սկսել են հավատալ, որ կա, գործում է նորմալ համակարգ: Բնական է, որ շրջաններում համակարգչային տեխնիկայի, համացանցի խնդիր կա, բայց մենք առավելագույնն ենք անում այդ ուղղությամբ:

-Աճուրդներին մասնակցելու համար սահմանափակումներ կա՞ն:

-Ոչ մի սահմանափակում չկա: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր երկրներից:

- Դրսից հետաքրքրությունը մե՞ծ է:

-Վերջերս մեծ հետաքրքրություն կա հատկապես մեր հայրենակիցների եւ հայրենադարձողների մոտ, ովքեր փորձում են Հայաստանում կապիտալ ունենալ:

- Աճուրդների չկայացման, վերակազմակերպան դեպքեր հաճա՞խ են լինում:

-Լինում է, որ աճուրդները չեն կայանում, եթե դրանց ոչ մեկը չի մասնակցում: Օրենքով սահմանված գործառույթներ կան, և մենք ամեն ինչ հանձնել ենք ծրագրին: Ծրագիրն ինքն է որոշում հաղթողին, իսկ չվաճառված ապրանքները երրորդ աշխատանքային օրը ներկայացվում են տասը տոկոս զեղչով` ինչպես պահանջում է օրենքը:

- Նշեցիք, որ մարզերում հողատարածքները քիչ պահանջարկ են ունենում, իսկ աճուրդի հանված ո՞ր ապրանքներն են առավել մեծ հետաքրքրության արժանանում:

-Ամենամեծ հետաքրքրությունը մայրաքաղաքում անշարժ գույքի նկատմամբ է:

- Կհիշե՞ք այնպիսի դեպքեր, երբ աճուրդը գերազանցելով Ձեր սպասելիքները` գինն արտասովոր թվի է հասել:

-Արտասովոր թվի հաճախ է հասնում, քանի որ օրենքը գնի վերին շեմը չի սահմանափակում: Սահմանափակում է միայն առաջարկությունների նվազագույն գին: Պարտապանը կարող է ինքը ևս բոլորին հավասար պայմաններով մասնակցել իր ապրանքի աճուրդին, և որպեսզի իր գույքը չվաճառվի, երբեմն նա պատրաստ է նույնիսկ շատ բարձր գին առաջարկել:

- Եղե՞լ են դեպքեր, որ արտառոց, ոչ սովորական ապրանքներ հանվեն աճուրդի:

-Այնպիսի ապրանք չկա, որ մեզ մոտ գրանցված չլինի` սկսած օդանավից մինչև ջերմաքարշ, մեծ շինություններ, գործարաններ:

- Կնոջ ներկայությունը ԴԱՀԿ համակարգում ինչպե՞ս կգնահատեք: Որքանո՞վ է համադրելի կինն այս աշխատանքին:

-Վերջին մեկ-երկու տարիներին համակարգում ավելացել են կին հարկադիր կատարողները, ովքեր բավականին փոխել են հարկադիր կատարողի կերպարը: Նրանց ներկայությունը փոխել է աշխատանքային մթնոլորտը: Նրանք շատ պատասխանատու են իրենց աշխատանքի նկատմամբ, բացի այդ` նրանց ներկայությունից տղամարդիկ էլ ավելի զգոն են լինում: Կարծում եմ` այս միտումն ապագա ունի: Վստահ եմ, որ մեր պարտապաններն ինչ լեզվով, որ կարող են խոսել տղամարդ հարկադիր կատարողի հետ, նույն կերպ իրենց թույլ չեն տա խոսել կին աշխատողի հետ:

Հայերեն