3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում եւ նրա Զինված ուժերում բավականին լուրջ են վերաբերվում Ադրբեջանի դիվերսիոն հարձակումներին: Հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորություններն ու ուժերի հարաբերակցությունը, Ադրբեջանն իրեն թույլ չի տա մեծածավալ գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, քանի որ պատրաստ չէ պատերազմի: Այնուամենայնիվ, պատերազմի վերսկսումը պետք չէ բացառել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ալեքսանդրովը: Նրա համոզմամբ` Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նպատակ ունեն բանակցային գործընթացում զիջումներ կորզել Հայաստանից:
Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշեւն էլ հավելեց, որ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումներն ու փորձերը կշարունակվեն նաեւ հետագայում:
«Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից այդ հարձակումները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ: Ռազմական հավասարակշռությունը սահմանին այժմ պահպանվում է»,- նկատեց քաղաքագետը:
Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինությունների մասին` քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանին զենք վաճառելը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնայնություններից չէ: «Չեմ բացառում, որ Ադրբեջանի սպառազինմամբ զբաղվեն նաեւ արեւմտյան երկրները: Հայաստանը մեզ ավելի մոտ է, նա մեր գործընկերն է»,-շեշտեց Արեշեւը: Նա փաստեց, որ հայկական երկու պետությունների վերամիավորման հնարավորությունները մեծացել են, եւ ընտրություններից հետո կուլիսային մակարդակում ԼՂՀ կարծիքը հաշվի կառնվի բանակցային գործընթացում:
Ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով փորձում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի նախօրյակին` հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խումբ էր փորձել ներթափանցել Տավուշի մարզի հայկական դիրքեր: Հայ զինծառայողների աչալրջության շնորհիվ հակառակորդը կորուստներ տալով հեռացել էր: Ցավոք, կորուստներ էր ունեցել նաեւ հայկական կողմը: Հետագա օրերին եւս Ադրբեջանը չդադարեց կրակել խաղաղ բնակչության, հայկական դիրքապահների ուղղությամբ: Ադրբեջանական հերթական դիվերսիան էր կանխվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: