1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հրշեջ ծառայողները փորձում են վերահսկողության տակ վերցնել երկրի հյուսիս-արեւելյան հատվածի անտառային հրդեհները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը, աղետի զոհ է դարձել երեք մարդ, 20-ը` ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Ուժգին քամին եւ չոր եղանակը բարդացնում են հրդեհների դեմ պայքարի գործընթացը: Ավելի քան 7 հազար հա տարածք է պատվել հրդեհով: Իսպանացի հրշեջներին օգնության են հասել նաեւ ֆրանսիացի գործընկերները:
Հարեւան Պորտուգալիան եւս պայքարում է հրդեհի դեմ: Այստեղ եւս ուժգին քամու պատճառով կրակը շատ արագ տարածվում է: Վերահսկողություն սահմանել ոչ մի կերպ չի հաջողվում: Շատ ավելի լուրջ է իրավիճակը պորտուգալական Մադերիա կղզում, որտեղ հրդեհի դեմ պայքարի են դուրս եկել ավելի քան 240 հրշեջ ծառայողներ: