Աքչամի «Թուրքիայի մարդու իրավունքների երկերեսանիությունը» հոդվածն այդ երկրում մեծ դժգոհություն է առաջացրել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության փաստն ընդունած հայտնի թուրք մտավորական, Նյու Յորքի Քլերկ համալսարանի դասախոս Թաներ Աքչամն ամերիկյան The New York Times պարբերականում նոր հոդված է հրապարակել, որն անվանել է «Թուրքիայի մարդու իրավունքների երկերեսանիությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հոդվածը, որում խոսվում է անցյալի սխալներն ընդունելու անհրաժեշտության մասին, թուրքերի շրջանումդժգոհության լուրջ ալիք է բարձրացրել:
Աքչամը նշել է, որ այնքան ժամանակ, որքան Թուրքիան կշարունակի ժխտել 1900–ական թվականների սկզբին Օսմանյան կայսրության ոչ թուրք բնակչության դեմ գործած հանցագործությունը, պետության ջանքերն ուղղված` ազատության, արդարության և մարդկային արժեքների պահպանմանը` համոզիչ չեն լինի:
«Անցյալում քրիստոնյաների դեմ իրականացրած ցեղասպանությունն ու էթնիկ զտումները վնասում են այն հեղինակությանը, որը Թուրքիան ցանկանում է ստեղծել` որպես մուսուլմանների համաշխարհային պաշտպան: Այս հանցագործությունները դեռևս կենդանի են օսմանյան հողերի հիշողության մեջ»,-իր հոդվածում նշել է Աքչամը: Թուրք գրողն ասել է նաեւ, որ Թուրքիան չի կարող ամրապնդել իր հիմքերը և ներկայանալ որպես ժողովրդավարական պետության օրինակ այնքան ժամանակ, քանի դեռ չի առերեսվել անցյալի սխալներին եւ չի ճանաչել քրիստոնյաների դեմ գործած ցեղասպանությունն ու այլ մեղքերը: