Մշակույթ

«Մանուկի ճանապարհորդություն» ֆիլմը հայ-թուրքական կինոպլատֆորմի հաղթող նախագիծ է ճանաչվել

2 րոպեի ընթերցում

«Մանուկի ճանապարհորդություն» ֆիլմը հայ-թուրքական կինոպլատֆորմի հաղթող նախագիծ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հաղթող նախագիծ է ճանաչվել Օզլեմ Սարիյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագիծը: Հեղինակն արժանացել է 10.000 ԱՄՆ դոլար մրցանակի: Կինոպլատֆորմն անցկացվում էր «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին կինոփառատոնի մամուլի բաժնից` երեւանյան աշխատաժողովին Հայաստանից եւ Թուրքիայից մասնակցել են ինը կինոգործիչներ, որոնց կինոպլատֆորմի նախընտրական հանձնաժողովը ընտրել էր 25 հայտադիմումներից: Մասնակից կինոնախագծերն են՝ Մարիամ Օհանյանի «Հին սոսու ճյուղ», Արսեն Առաքելյանի «Երկխոսություն», Էրդալ Բիլիջի «Փնտրելով Մանուկին», Օզլեմ Սարիյըլդըզի «Մանուկի ճանապարհորդությունը», Գագիկ Ղազարէի «Իմ եւ քո կիրակին», Գագիկ Հարությունյանի «Մի կյանք, մի սեր», Աշոտ Մկրտչյանի «Սալըմ Աբդուլ-Քարիմ», Զեյնել Կոչի «Լուռ շիրիմներ» եւ Դերիա Դուրմազի «Ծիածան» կինոնախագծերը:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին երկու դեռևս անավարտ կինոնկարներ՝ «Հոյակապ է, շատ հրաշալի- Ամերիկայից Բիթլիս » ( ռեժ. Լուսին Դինք, պրոդ. Սոներ Ալպեր) եւ «Հետ դեպի Գյուրյուն» (ռեժ. Ադրինե Գրիգորյան, պրոդ. Կարա Մարսթն), տեղի ունեցան անհատական հանդիպումներ հայ եւ թուրք կինոգործիչների եւ դասընթացավարների միջեւ: Անցկացվել է նաեւ Եվրոպայում կինոարտադրության ֆինանսավորման հայթայթման եւ աջակցության վերաբերյալ դասախոսություն:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ձեւավորվել է 2008 թ-ին Անադոլու Քյուլթուրի եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջեւ համագործակցության արդյունքում ` նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համագործակցել եւ համատեղ ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է հայ եւ թուրք կինոռեժիսորների 12 ֆիլմերի ստեղծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում