Միջազգային դիտորդները հաճելիորեն զարմացած են ԼՂՀ ընտրությունների ընթացքից
3 րոպեի ընթերցում
![Միջազգային դիտորդները հաճելիորեն զարմացած են ԼՂՀ ընտրությունների ընթացքից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/07/688171.jpg)
Արցախում այսօր ընթանում են նախագահական հինգերորդ ընտրությունները: ԼՂՀ-ում, ինչպես և Հայաստանում իշխանության ղեկավարի փոփոխությունը տեղի է ունենում սահմանադրական կարգով և ժողովրդավարական նորմերին համապատասխան: Երկու հանրապետություններում էլ միայն մեկ անգամ են տեղի ունեցել արտահերթ ընտրություններ, և դրանք ևս բավականին հանգիստ են անցել:
Ղարաբաղյան ընթացիկ նախագահական ընտրությունները տարբերվում են նրանով, որ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և ընտրատարածքային հանձնաժողովները շատ լավ են պարտրաստված, որով և հաճելիորեն զարմացրել են միջազգային դիտորդներին: Ավստրիայից Եվրախորհրդի պատգամավոր Յոհան Ստադլերը նշեց, որ հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմն ուղղակի հիացնում է: «Մենք նման բան ակնկալում էինք, բայց նրանք իսկապես կեցցեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
«Արմենպրես»-ի թղթակիցը եղել է Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում և Ասկերանում` անձամբ ծանոթանալու միջազգային փորձագետների գնահատականներին: Ընտրություններն իսկապես անցնում են խաղաղ պայմաններում և որևէ իրավախախտում չի արձանագրվել: Ամեն ընտրատեղամասում երկու-երեք ոստիկաններ են հերթապահում, կա նաև Շտապ օգնության մեքենա:
Ժողովուրդը քվեարկում է իր ապագայի համար` շատ լավ իմանալով, որ հենց դրանից է կախված Արցախի հետագա զարգացումը:
Ողջ օրվա ընթացքում գործող իշխանության հասցեին որևէ դժգոհ արտահայտություն կամ հարձակում չի եղել: Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրեն հաշիվ է տալիս, որ եթե երկրում ներքաղաքական լարվածություն է առաջանում, դրանից թշնամին անպայման օգտվում է: Նշենք նաև, որ բնակչությունն ակտիվորեն քվեարկում է, բայց մասնակիցներից ոչ ոք չի նշել, թե ում է տվել իր ձայնը:
Դիտորդները նշել են, որ իրենք հաճելիորեն զարմացած են ընտրությունների ընթացքից: Նրանց բնորոշմամբ` իրենք եկել են ոչ թե ցույց տալու` ինչպես «ապրել», այլ ուղղակի օգնելու երիտասարդ ժողովրդավարական հանրապետությանը` հեշտ հաղթահարել աճի անխուսափելի ցավերը:
Հատկապես պետք է նշել մամուլի կենտրոնների կազմակերպվածության բարձր մակարդակի մասին: Լրագրողներին տեղեկատվությունը տրամադրվում է ժամանակին, սրահում տեղադրված են տասը համակարգիչներ, համացանցը շատ լավ գործում է: Սրանք գուցե մանրուքներ թվան, բայց հենց դրանցից է ստեղծվում ընտրությունների կազմակերպման ընդհանուր տպավորությունը:
Ժամը 20.00-ին կփակվեն ընտրական տեղամասերը, կսկսվի ձայների հաշվարկը: Նախնական արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 20-ի առավոտյան: Միևնույն ժամանակ հայտարարություններվ հանդես կգան դիտորդական խմբերը: