Ադրբեջանցիները հայտնաբերել են չեզոք գոտում զոհված զինվորականի դին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի զինվորականները վերջապես հայտնաբերել են հունիսի 15-ին ժամը 22:00-ին սահմաններում Թովուզի հատվածում Հայաստանին սահմանակից չեզոք գոտում զոհված Ադրբեջանի զինված ուժերի 22-ամյա զինծառայող Օրուջով Էլչին Ռագուֆօղլուի մարմինը եւ հանձնել նրա հարազատներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ նա այսօր հողին է հանձնվել Թարթառի շրջանի իր հայրենի Սեիդիմլի գյուղում:

Նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայությունը Օրուջովն անցել է Նախիջեւանում, հետո կնքել երկարաժամկետ ծառայության պայմանագիր Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Որեւէ աղբյուր չնշելով` ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Օրուջովն, իբր, զոհվել է հայկական կողմից արձակված գնդակից:

Զինվորի հարազատները ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել են, որ չեզոք գոտում վիրավորված Օրուջովը մի քանի անգամ բջջայինով զանգահարել է եղբորն ու հորը եւ հայտնել իր որովայնից վիրավոր լինելու մասին: Ադրբեջանական մամուլը նշել է, որ հայտնի չէ, թե ինչ իրավիճակում է տեղի ունեցել միջադեպը, եւ թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հայտնվել չեզոք գոտում:

Ադրբեջանի զինված ուժերը խոստովանել են, որ 2012 թ-ից սկզբից ի վեր ադրբեջանական բանակը 50 զինվորականների կորուստ է ունեցել:

Հայերեն Русский