Լոնդոնի բնակչությունը գերազանցել Է 8 միլիոնը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի բնակիչների թիվը կազմել Է 8,1 միլիոն, ընդսմին բնակչության աճի հիմնական աղբյուր են դարձել ներգաղթյալները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, այս տվյալները հուլիսի 17-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հրապարակվել են 2011 թվականին Անգլիայում եւ Ուելսում անցկացված մարդահամարից հետո:
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության տվյալների համաձայն՝ Լոնդոնի բնակիչների թիվը 2001 թվականի համեմատությամբ ավելացել Է 12 տոկոսով կամ 850 հազարով: Նրանց թվում 56 տոկոսը կազմել են ներգաղթյալները, որոնց երկու երրորդը եկել են Եվրամիության մեջ չմտնող երկրներից, մնացած աճը պայմանավորված Է «բեբի-բումի» հերթական ալիքով:
Հետազոտությունը ցույց Է տվել, որ Անգլիայում եւ Ուելսում բնակչությունն աճել Է 7 տոկոսով՝ մինչեւ ավելի քան 56 մլն մարդ: Ավելացել Է տարեցների թվաքանակը. այսպես, երկրի այդ մասերում յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը 65-ից բարձր տարիքի Է: Համապատասխանաբար աճում Է նաեւ քաղաքացիների միջին տարիքը. 2011 թվականին այն կազմել Է 39, մինչդեռ 2001 թվականին 35 Էր:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2051 թվականին Միացյալ թագավորության բնակիչների թվաքանակը կկազմի 77 մլն, իսկ 2081-ին՝ 110 մլն: Եվ, բնականաբար, աճի հիմնական աղբյուրը կլինի ներգաղթյալների թվի ավելացումը: