Քաղաքականություն

ԻԻՀ փոխնախագահը Երևանում հայտարարել է Սիրիա ռազմական միջամտության անընդունելիության մասին

2 րոպեի ընթերցում

ԻԻՀ փոխնախագահը Երևանում հայտարարել է Սիրիա ռազմական միջամտության անընդունելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Սիրիայում ծագած իրավիճակն օտար միջամտությամբ լուծելուն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին: Նրա կարծիքով` օտար պետությունների միջամտությունը, մասնավորապես` ընդդիմադիր ուժերի զինումը, որեւէ կերպ չի լուծի առկա խնդիրը, այլ ավելի կբարդացնի այն: «Կարծում ենք, որ այն ծրագիրը, որը մշակվել եւ առաջարկվել է Քոֆի Անանի կողմից եւ հավանության է արժանացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, կարող է հաջողությամբ պսակվել` պայմանով, որ չլինի օտար երկրների միջամտությունը: Մի շարք միջամտող պետություններ ցանկանում են կրկնել Սիրիայում այն տարբերակը, որն իրականացրել են Լիբիայում»,- ասաց նա: Փոխնախագահը կարծում է, որՀայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունները Սիրիայի խնդրի վերաբերյալ ունեն ընդհանուր եւ հստակ դիրքորոշում:

Մոհհամադ Ջավադ Մոհամմադիզադեհին շեշտեց, որ պետք է պաշտպանել Անանի նախագիծը, արգելել որեւէ զինամթերքի մուտքը Սիրիա, ինչպես նաեւ նպաստել Սիրիայում քաղաքական եւ ժողովրդավարական գործընթացների խորացմանն ու զարգացմանը: «Ելնելով այն դիրքորոշումներից, որ այս հարցում որդեգրել են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, գրեթե բացառում ենք, որ արեւմտյան պետությունները որոշեն ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա»,- ասաց նա: Փոխնախագահը հավելեց, որ Իրանն օգտագործում է իր բոլոր ջանքերը Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի միջեւ երկխոսություն ձեւավորելու եւ զարգացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում