Եվրոպայում ԼՂ-ն չի դիտվում որպես տարածաշրջան, որտեղ հակամարտությունը կարող է «ապասառեցվել»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հայտարարել է, որ Եվրոպայում Լեռնային Ղարաբաղը չեն դիտում որպես մի տարածաշրջան, որտեղ հակամարտությունը կարող է «ապասառեցվել»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռարն ասել է Day.az լրատվական կայքին տված հարցազրույցում: «Այժմ Ղարաբաղի հակամարտության գծով մեծ դադար է տիրում, քանի որ անհրաժեշտ է հանգցնել իրապես վառվող հրդեհները: Իմ կարծիքով` Լեռնային Ղարաբաղը Եվրոպայում չի դիտվում որպես տարածաշրջան, որտեղ ռազմական հակամարտությունը կարող է սառեցված վիճակից հենց հիմա վերաճել «տաք» հակամարտության», -ասել է նա:
Հայաստանն աշնանը թեւակոխում է ակտիվ քաղաքական իրադարձությունների փուլ` կաված 2013 թ-ի նախագահական ընտրությունների հետ եւ այս համատեսքտում Ռարը չի բացառում, որ 2012 թ-ին միջնորդները հանդես գան ԼՂ խնդրի կարգավորման նոր առաջարկություններով: «Բանն այն է, որ այսօր բոլորը զբաղված են Սիրիայի ճգնաժամով: Բացի այդ, Եվրամիությունն այժմ լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է, եւ շատեր գտնում են, որ այն կարող է փլուզվել: Եվրամիության առաջնորդների ամբողջ էներգիան եւ ջանքերն ուղղված են եվրագոտին փրկելուն եւ ԵՄ նոր ֆինանսական կառավարության ստեղծմանը: ԵՄ-ում վերանայվում են միության քաղաքական` այդ թվում` վերջին 20 տարիներին կառավարման գործիքները: Վաղուց էր պետք Եվրոպայում ունենալ այնպիսի հակամարտությունների կարգավորման գործիքներ, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է: Բայց դեռեւս դրանք չկան», -նշել է գերմանացի քաղաքագետը: