ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել 2007 թ-ի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի դատական գործի` Հանրապետական գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում կազմած հայցը: Վճռաբեկ դատարանն այդ հիմնավորել է, որ այնտեղ «եղած ամփոփագրերն ու հաղորդագրությունները թերի են» եւ առաջարկել թերությունները վերացնելուց հետո հայցն ուղարկել կրկին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Հայցը Վճռաբեկ դատարան էր ուղարկվել Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից, ովքեր էեն համաձայնել Դինքի դատական գործով 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի հատուկ լիազորություններով դատավոր Ռուստամ Էրյըլմազի հրապարակած վճռում «հանցավոր կազմակերպություն չլինելու» վերաբերյալ պնդմանը:
Դատավճռի հրապարակման ժամանակ Ստամբուլի հանրապետական դատախազության դատախազ Հիքմեթ Ուստան հայտարարել էր, որ դեմ է դատարանի` Դինքի սպանության մեջ հանցավոր կազմակերպություն չլինելու բնորոշմանը:
Դինքի սպանության գործով անցնող 19 կասկածյալներ դատարանի դահլիճից ազատ են արձակվել` նրանց «հանցավոր կազմակերպության անդամներ չլինելու» հիմնավորմամբ: Դինքի գործով, հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ 22,5 տարվա ազատազրկման է ենթարկվել սպանությունն իրագործած Օգյուն Սամասթը, իսկ նրան սպանության դրդած Յասին Հայալը դատապարտվել է ցմահ բանտարկության: