ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված է նաեւ իրանցի հայտնի ռեժիսոր Ահմադ Ռեզա Մոթամեդիի «Ալցհեյմեր» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մոթամեդին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շատ ուրախ է, որ ինքը վերջապես Հայաստանում է` Փարաջանովի երկրում: «Այդպիսի ռեժիսորը հավասար է Հոլիվուդի ամբողջռեժիսորական կազմին»,- ասաց նա: Մոթամեդին ունի փիլիսոփայի մասնագիտություն, որի մոտիվներն էլ փորձում է ներկայացնել իր հեղինակային ֆիլմերում` ավելի պարզ լեզվով: «Ինձ հետաքրքրում է մարդը, նրա կերպարանափոխությունը, ինչպիսին համաշխարհային գրականության մեջ ներկայացրել են Քամյուն, Կաֆկան, Սարտրը»,- ասաց իրանցի ռեժիսորը: «Ալցհեյմեր» (այդպես են կոչվում հիշողությունը կորցրած մարդիկ) իրանական լիամետրաժ խաղարկային ֆիլմը պատմում է վթարի ժամանակ ամուսնուն կորցնելուց քսան տարի անց սեփական այրված մարմնի հետ չհամակերպվող կնոջ պատմությունը, ով դեռ ի վիճակի չէ հավատալ իր կորստին: «Մինչ ընտանիքն ամեն տարի հիշում է հանգուցյալ ամուսնուն, կինը շարունակում է «հուսահատորեն փնտրում եմ» կարգի հայտարարություններ տալ թերթերում»,- ասաց նա: Իր ֆիլմերում Մոթամեդին փորձում է բացահայտել կնոջը, նրա փիլիսոփայությունը, քանի որ, ըստ նրա, իգական սեռի ներկայացուցիչները դեռեւս բացահայտված չեն: «Նրանք չեն հասկացվել, չեն հասկացվում նաեւ այսօր ամբողջ աշխարհում»,- ասաց ռեժիսորը:
Ահմադ Ռեզա Մոթամեդիի խոսքով, իրանցի ռեժիսորներն արդեն գտել են աշխարհի հետ երկխոսելու լեզուն: «Պետք է հենվել տեղական կյանքին, պետք է ցույց տալ ավանդական պատկերներ` ճիշտ կերպարներ ընտրելով: Անհրաժեշտ է ցուցադրել մարդուն եւ մարդկությանը հետաքրքրող հարցերը»,- ասաց նա:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը. այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: