Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը Հայաստան է բերել վրաց հայտնի ռեժիսոր Էլդար Շենգելայային

4 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը Հայաստան է բերել վրաց հայտնի ռեժիսոր Էլդար Շենգելայային

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին բարի վրացական կինո». այս արտահայտությունը հավերժ կապված է Ռեզա Ճխեիձեի, Իրակլի Կվիրիկաձեի եւ Էլդար Շենգելայայի անունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը Երեւանումհյուրընկալել է վրաց հայտնի ռեժիսոր Շենգելայային, փառատոնի հետահայաց ցուցադրությունների` «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանակում ներկայացնելու է նրա լավագույն ֆիլմերը: Կցուցադրվեն նրա «Արտասովոր ցուցահանդես», «Խելառները», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն», «Սամանիշվիլու խորթ մայրը» ֆիլմերը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Էլդար Շենգելայան, չափազանց երջանիկ է, որ վերջապես երկար տարիների ընդմիջումից հետո նորից եկել է Երեւան: «Ինձ հաճելի է նորից լինել այստեղ, մասնակցել եւ ներկայանալ հայտնի երեւանյան փառատոնին»,- ասաց նա: Ռեժիսորը Երեւանում եղել էր 90-ականների սկզբին եւ, նրա խոսքով, Երեւանը հիմա այլ տեսք ունի, ինչպես` Թբիլիսին այսօր: «Ես կարոտում եմ այն ժամանակվա Երեւանը, քանի որ դա այն քաղաքն էր, որտեղ ապում էին իմ ընկերները, եւ մենք անընդհատ շփումների մեջ էինք»,- ասաց նա:

Շենգելայան շատ հավանել է փառատոնի բացման ֆիլմը` Համո Բեկնազարյանի «Շոր եւ շորշոր»-ը: «Այնպիսի հրաշալի ֆիլմ էր, արցունքներս աչքերիս էի նայում»,- ասաց նա: Գեղարվեստական նուրբ շտրիխներով եւ յուրահատուկ կենսական իմաստությամբ նրա ֆիլմերը ոչ թե ծաղրում են, այլ կարծես հայելու առաջ են կանգնեցնում ոչ միայն խորհրդային իրականության մարդկանց, այլեւ` ողջ մարդկությանը: Ֆիլմերը որքան էլ ծիծաղելի են եւ զվարճալի, այդքան էլ լուրջ են, որոշ տեսարաններում` նույնիսկ թախծոտ: Դրանք ամենայն նրբանկատությամբ պատկերում են մեր ամենօրյա կյանքը առօրեական այնպիսի դրվագներով, որոնք մենք անուշադրության ենք մատնում եւ, որոնց վրա մոռացել ենք ծիծաղել: Շենգելայան միշտ կարողանում է պահպանել հանդիսատեսի ժպիտը` ծիծաղելին գտնելով նույնիսկ ամենաողբերգականի մեջ, միեւնույն ժամանակ ամենածիծաղելիի մեջ գտնելով ողբերգականը: Շենգելայան խորհուրդ տվեց սկսնակ ռեժիսորներին հնարավորինս շատ նկարել, որ դրանց մեջ իսկապես տաղանդավոր ֆիլմեր ծնվեն: «Ոսկե ծիրանը» նրան շնորհել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար, ինչն այս դեպքում կարելի է դիտարկել ոչ միայն որպես ռեժիսորական ավանդի մեծարում, այլեւ որպես հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ու մասնավորապես` Փարաջանովի կենսագրության մեջ Շենգելայայի ունեցած ներդրման գնահատականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում