Կիպրոսի թուրքական եւ հունական մասերի բնակիչների միջեւ անշարժ գույքի փոխանակում է կատարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը համաձայնել է կղզու բռնազավթած թուրքական մասում հույների թողած անշարժ գույքը փոխանակել` հունական մասում թուրքերին պատկանող հողատարածքներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. թուրքական TRT հեռուստաալիքը «պատմական» է բնութագրել իրադարձությունը` նշելով, որ դրանով սկիզբ է դրվում 1974 թ-ին Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ պատերազմում հույն եւ թուրք քաղաքացիների թողած անշարժ գույքի հետ կապված խնդրի լուծմանը:
Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ առաջին դեպքն է, երբ կղզու թուրքական հատվածում Միկա Տիմվիոսի անշարժ գույքը պաշտոնապես փոխանակվում է հունական մասում թուրք բնակչի հողատարածքի հետ, ինչին հունական կողմն ավելի վաղ չէր համաձայնվում:
Կիպրսի վերամիավորման շուրջ թուրքական եւ հունական հատվածների միջեւ շարունակվող բանակցություններում բնակչության անշարժ գույքի հարցն առաջնային եւ անլուծելի թվացող խնդիր էր: Թուրքական կողմը մշտապես առաջարկում էր այն լուծել փոխանակումների եւ փոխհատուցումների միջոցով: