Օլիմպիադայից առաջ Լոնդոնը դարձել Է Եվրոպայի ամենաթանկ քաղաքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային Օլիմպիադայի նախաշեմին հյուրանոցներում բնակվելու արժեքով Լոնդոնը առաջին տեղն Է գրավել Եվրոպայի խոշորագույն քաղաքների թվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին, ասված Է Hotel.info-ի՝ ամբողջ աշխարհում հյուրանոցների համարների պատվիրման անվճար օնլայն ծառայության նյութերում:
Ինչպես հետեւում Է փորձագետների նյութերից, 2012 թվականին մայիսին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հյուրանոցների գներն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ բարձրացել են 11,85 տոկոսով՝ օրական մինչեւ 7,012 հազար ռուբլի: Մոսկվան, որն ըստ Hotel.Info-ի հաշվետվությունների արդյունքների՝ 2012 թվականի մարտին եւ 2011 թվականի հունվարին Եվրոպայում առաջատարն Էր հյուրանոցների թանկության ցուցանիշով, իջել Է երկրորդ հորիզոնական:
Հյուրանոցների ամենաբարձր գներով եվրոպական քաղաքների հնգյակ են մտել նաեւ Ստոկհոլմը, Հելսինկին եւ Կոպենհագենը՝ համապատասխանաբար 6,173 հազար ռուբլի,5,761 հազար ռուբլի եւ 5,678 հազար ռուբլի ցուցանիշներով:
Դրանց հաջորդում են Օսլոն (օրական 5,665 հազար ռուբլի), Փարիզը (օրական 5,576 հազար ռուբլի), Ամստերդամը (օրական 5,324 հազար ռուբլի), Բրյուսելը (օրական 4,886 հազար ռուբլի) եւ Հռոմը (օրական 4,474 հազար ռուբլի):
Հիշեցնենք, որ Ամառային օլիմպիադան տեղի կունենա հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 12-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: