ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե Ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ` հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: «Եղիցի լույս» անվանումով մրցանակը սահմանվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հուլիսի 4-ին լրագրողների հետհանդիպմանն այս մասին ասաց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Եղիցի լույս» առաջին մրցանակն այս տարի շնորհվելու է աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: «Երբ նա իմացավ, թե ինչ նպատակով է Հայաստան հրավիրվել, չափազանց շատ հուզվեց` այդպիսի պատվի եւ մրցանակի արժանանալու համար»,- ասաց Խաչատրյանը:
Մրցանակը հանձնելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:«Եղիցի լույս» մրցանակ-արձանիկի հեղինակը ճանաչված դիզայներ Նուռն է: Արձանիկի վրա օգտագործվել են քրիստոնեկան խորհրդանշաններ, եւ ամեն մի գիծը խորհդրանշական եւ իմաստային է:
«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը «Ռետրոսպեկտիվ» ծրագրով կներկայացնի Սոկուրովի քառերգություն կազմող ֆիլմերը, մասնավորապես` 20-րդ դարի երեք տիրակալների` Լենինի, Հիտլերի եւ Հիրոհիտոյի մասին պատմող «Արեւ», «Բողոք» եւ «Ցուլ» ֆիլմերը, ինչպես նաեւ քառերգությունն ամփոփող «Ֆաուստ» ֆիլմը: Սոկուրովը նախկինում արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակի, սակայն Հայաստան այս տարի այցելելու է առաջին անգամ:
Ժամանակակից ամենանշանավոր կինոռեժիսորներից մեկը` Ալեքսանդր Սոկուրովը, ծնվել է 1951 թ. Ռուսաստանում: Շուրջ քսան վավերագրական ֆիլմերի հեղինակը հատկապես հայտնի է խաղարկային ֆիլմերով: Խորհրդային տարիներին հաճախ ենթարկվելով քաղաքական ճնշումներին` Սոկուրովի հռչակը վերելք ապրեց միայն Միության փլուզումից հետո, երբ նրա ֆիլմերն սկսեցին արժանանալ Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Մոսկվայի, Տորոնտոյի, Վենետիկի եւ եվրոպական այլ առաջնակարգ կինոփառատոնների մրցանակների: