Իրանի դեսպանը Սեուլին նախազգուշացրել Է հարավկորեական ապրանքների ներմուծման հնարավոր արգելման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը կարող Է ամբողջովին դադարեցնել ներմուծումը Կորեայի Հանրապետությունից (ԿՀ) ի նշան Սեուլի այն որոշման դեմ բողոքի, որով նա հրաժարվել Է իրանական նավթ ներմուծել՝ հետեւելով մերձավորարեւելյան այս երկրի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հունիսի 27-ին «Ռենհապ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Իսլամական Հանրապետության դեսպան Ահմադ Մասումիֆարը:

«Իրանը կարող Է հարավկորեական ապրանքների ներմուծումն ամբողջովին դադարեցնելու որոշում ընդունել, եթե Սեուլն իրանական նավթի ներմուծման արգելք սահմանի»,-ընդգծել Է դիվանագետը:

ԿՀ-ի այս որոշումը նաեւ «լուրջ խոչընդոտներ կստեղծի հարավկորեական ներմուծողների համար», նախազգուշացրել Է Իրանի դեսպանը:

Ինչպես արդեն հաղորդվել Է՝ Կորեայի Հանրապետությունը այս տարվա հուլիսի 1-ից կդադարեցնի Իրանից նավթի ներմուծումը: Ինչպես հունիսի 26-ին հայտարարել Է Հարավային Կորեայի կառավարությունը, այս քայլի պատճառը Թեհրանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն են, որոնց թվում Է իրանական նավթի փոխադրումների ապահովագրման արգելքը:

«Մեր երկիրը նույնպես ստիպված կլինի հրաժարվել Իրանից նավթի ներկրումից, քանի որ Եվրամիությունը որոշել Է չիրականացնել իրանական նավթի ներմուծման որեւիցե տեսակի ապահովագրում, ինչպես նաեւ հուլիսի 1-ից դադարեցնում Է դրա ներմուծումը Եվրոպայի երկրների կողմից»,- այս առնչությամբ նշված Է Կորեայի Հանրապետության ինովացիոն Էկոնոմիկայի նախարարության մամլո տեղեկագրում:

Անցյալ տարի Իրանին բաժին Է ընկել 87 միլիոն բարել կամ Սեուլի նավթի ամբողջ ներմուծման 9,4 տոկոսը:

Հայերեն Русский