Մշակույթ

Հայտնի են «Փարաջանովյան թալեր» մրցանակի արժանիների անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են «Փարաջանովյան թալեր» մրցանակի արժանիների անունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինեն աշխարհահռչակ ռեժիսորներ Ագնեշկա Հոլանդը, Կաննի փառատոնի մրցանակակիր Վիկտոր Էրիսեն եւ Էլդար Շենգելայան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինոփառատոնի մամուլի պատասխանատու Անահիտ Օրդյանը, հենց նրանք էլ այս տարի կարժանանան «Փարաջանովյան թալեր» մրցանակին` համաշխարհային կինոյում վաստակի համար: Բացի այդ, Անահիտ Օրդյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում կներկայացվեն Վիկտոր Էրիսեի եւ Էլդար Շենգելայայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը: Կպահպանվեն արդեն ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Ինչպես 2011թ., այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով փառատոնը կներառի եւս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք եւ կինո» խորագրով: Կպահպանվեն ավանդական չորս մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 90 Ֆիլմերը կներկայացվեն Խաղարկային, Վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) եւ «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային եւ վավերագրական ենթաբաժինների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում