1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 27-30-ն ընկած ժամանակհատվածում կմեկնի Ֆինլանդիա, Լատվիա եւ ՌԴ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Պետդեպից, Հելսինկիում պետքարտուղարը երկկողմանի հանդիպումներ կունենա ֆին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի արտաքին քաղաքական գերակայություններին վերաբերող մի շարք հարցեր` ներառյալ Եվրոպական տնտեսությունը, Սիրիայի եւ Իրանի հարցը եւ եղանակային փոփոխությունները: Հունիսի 28-ին Քլինթոնը կմեկնի Լատվիա, որտեղ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ կքննարկվեն մի շարք հարցեր` ներառյալ ՆԱՏՕ-ի առաքելությունների եւ առաջնահերթությունների հետ համատեղ պարտավորությունները եւ տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու հարցը:
Հիլարի Քլինթոնը Սանկտ Պետերբուրգ կմեկնիհունիսի 28-ին, որտեղ պետքարտուղարը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:
Քլինթոնն այստեղ նաեւ կգլխավորի ԱՄՆ պատվիրակությանը` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հարցերով կանանց եւ էկոնոմիկայի ֆորումում: