Իսպանացիներն անցան հաջորդ փուլ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի վերջին շրջանում խաղադաշտ մտան Խորվաթիայի եւ Իսպանիայի ընտրանիները:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, երկու թիմերի համար այս խաղում կբավարարեր ոչ-ոքի արդյունքը, եթե սկսեր 2-2 հաշվից: Գնդակների նման քանակությունը հնարավորություն կտա թիմերին շարունակելու պայքարը Եվրո 2012-ում:

Երկու թիմերն էլ հանդիպումը սկսեցին զննական խաղով` փորձելով գտնել միմյանց խոցելի կողմերը: Իսպանացիներն ավելի ուշ կռահեցին հակառակորդի խաղաոճը, բայց սա չխանգարեց նրանց խաղային իրադրությունն իրենց ձեռքն առնելու համար: Հանդիպումն այնքան էլ տեմպային չէր, եւ հարվածները դեպի դարպասին եւ դարպասի ուղղությամբ այնքան էլ շատ չէին: Խաղի միջնամասում գնդակին հիմնականում տիրում էին Եվրոպայի եւ աշխարհի գործող չեմպիոնները:

Երկրորդ խաղակեսում կրկնվում էր առաջինի սցենարը. Իսպանիան գրոհում էր, խորվաթները պաշտպանվում էին: Հակագրոհներից մեկի ժամանակ իսպանացիներին վերահաս գոլից մեծ վարպետությամբ փրկեց Իկեր Կասիլիասը:

Երկրորդ կեսում իսպանացիները բաց թողեցին խաղի «թել»-ը. խորվաթներն սկսեցին ավելի կտրուկ գրոհներ կազմակերպել, բայց` առանց դարպասի գրավման:
Հանդիպման վերջին րոպեներին իսպանացիներին վերջապես հաջողվեց խոցել խորվաթների դարպասը: Օգտվելով պաշտպանների սխալից`գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Խեսուս Նավասը (Իսպանիա 1-0 Խորվաթիա):

Իսպանացիները C խմբում զբաղեցրին առաջին տեղը եւ նվաճեցին քառորդ եզրափակչի բաղձալի ուղեգիրը:
Խորվաթիա Իսպանիա
3 Անկյուն 10
4 Դեղին 0
0 Կարմիր 0