4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պատվիրակությունը վերադարձել է ֆրանսիական Անսի քաղաքում հունիսի 4-9-ն անցկացվող միջազգային անիմացիոն փառատոնից: Հայաստանը մրցույթում ներկայանում էր Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ:
«Փառատոնի մասնակցությունը հնարավորություն տվեց այցելուներին տեղեկանալ հայկական մուլտիպլիկացիայի գոյության մասին, որովհետեւ շատերը հայկական արտադրանքը վերագրում էին խորհրդային արտադրության»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» մուլտիպլիկացիոն ստուդիայի նախագահ Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով` փառատոնի շրջանակներում հայկական պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել մասնակցելու Ամստերդամում, Բոլոնիայում, Մոսկվայում եւ Զագրեբում կայանալիք միջազգային փառատոնների:
«Մեծ հետաքրքրություն առաջացացրեց նաեւ «Անահիտ»-ը, ռուսական նման մեծ նախագծերի շուրջ ներգրաված է ոչ պակաս, քան 200 մարդ, իսկ «Անահիտ»-ը ստեղծվում է ավելի փոքրաքանակ մասնագետների ներգրավմամբ»,- պատմեց Սահակյանցը: Նա նշեց, որ առաջիկայում պարսկանան խոշոր անիմացիոն ստուդիաներից մեկը ամենայն հավանականությամբ կգնի «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմի իրենց երկրում ցուցադրելու իրավունքը:
Մուլտիպլիկատորի տեղեկացմամբ, հնդկական մուլտարտադրող ընկերություներից մեկն էլ հետաքրքրված է «Դրակուլա» անիմացիան կարճամետրաժ ֆիլմով: Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ փառատոնին զուգահեռ անցկացվող կինոշուկային, որտեղ հայկական տաղավարում ներկայացվելու են մուլտիպլիկացիայի ամենատարբեր նմուշներ, նաեւ` երիտասարդ մուլտիպլիակտորների աշխատանքներ: «Անսի» փառատոնի շրջանակներում Ռոբերտ Սահակյանցի նախապես ներկայացրած 25 ֆիլմերից փառատոնի ժյուրին ընտրել է 9-ը, որոնց թվում են «Աղվեսագիրքը», «Կացինը» հանրահայտ մուլտֆիլմերը:
«Հայաստանի համար նման փառատոնի մասնակցելը արդեն իսկ մեծ նվաճում է»,- ընդգծեց Սահակյանցը` հավելելով, որ 2013-ին Հայաստանը կմասնակցի փառատոնին 1 կամ 2 կարճամետրաժ ֆիլմով:
«Անսին» աշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է: Այն առաջացել է, որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Փառատոնը ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:
«Անսի»-ում հաղթելն իրավունք է տալիս ներկայացնել ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այս տարի փառատոնը ընդունում է 7000 մասնակից 80 երկրներից : Ցուցադրվելու են 500 ֆիլմ մրցութային և ոչ մրցութային ծրագրում: 2012 թվականին փառատոնի մրցութային ծրագրում մասնակցել է 10 լիամետրաժ, 49 կարճամետրաժ , 55 ավարտական, 60 հեռուստատեսային եւ կոմերցիոն ֆիլմեր : Ոչ մրցութային ծրագիրը ընդգրկել է 10 լիամետրաժ, 40 կարճամետրաժ եւ 5 փակ դիտում պրեմիարայից առաջ: