3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձևավորել գիտալիքահեն տնտեսություն, որի թիվ մեկ ռեսուրսը ինտելեկտն ու կրթված մարդիկ են: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը մեր երկրում դրա վառ ապացույցն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում բացված «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ընթացքում: «Հայաստանի ժողովրդական տնտեսությունը ձեռք է բերում իր համար բնական և բնականոն տեսք: Համաշխարհային բանկի վերջին զեկույցը, որը նվիրված էր մրցունակությանը, արձանագրեց, որ Հայաստանն այս ուղղությամբ 6 քայլ առաջ է շարժվել: Զեկույցում ընդգծված կարևոր փաստ է նաև այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ վերլուծաբաններն ի նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, և այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Վարչապետի կարծիքով՝ կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարևոր դեկատարությունն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ Հայաստանում շինարարության ոլորտում արձանագրվեց 42 տոկոսանոց անկում, ՏՏ բնագավառում այդ տարի տեղի ունեցավ 27 տոկոսանոց աճ: «Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն: Արդյունքում, ՏՏ ոլորտում այսօր զբաղվածների քանակը հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է: Սա մեզ համար կարևոր հանգամանք է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը բնականաբար ենթադրում է, որ մենք ունենալու ենք ավելի դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն, որը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը և ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Ֆորումին այս տարի գրանցվել է մասնակիցների 48 տոկոս աճ՝ ընդհանուր առմամբ 59 կազմակերպություն, այդ թվում 21-ը՝ արտասահմանյան: