Փորձագետը վստահ է, որ ՀՀ-ի հետ հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած փորձ անօրինական է
2 րոպեի ընթերցում
![Փորձագետը վստահ է, որ ՀՀ-ի հետ հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած փորձ անօրինական է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/06/684565.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կողմից տրված պատասխան գործողությունները Ադրբեջանին ինքնապաշտպանության դրսեւորումներ են: Այս մասին հունիսի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Լեւոն Գեւորգյանը: «Եթե անգամ,Ադրբեջանի կարծիքով, ՀՀ-ն հանդիսանում է օկուպանտ, ապա նրա գործողություններն այդ դեպքում անգամ իրավաչափ չեն: ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված է ուժի գործադրման արգելքը, որը այսօրվա միջազգային իրավունքի կենտրոնական հոդվածներից է եւ սահմանում է նաեւ համաչափ պատասխան գործողությունների իրականացման հնարավորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գեւորգյանը: Նրա խոսքով` ուժի կիրառումը թեեւ չի հասնում ագրեսիայի, բայց թույլ է տալիս համաչափության սահմանում դիմել ինքնապաշտպանության միջոցների: ՀՀ-ն երբեք չի հանդիսացել հակամարտության կողմ. ստեղծված իրավիճակը ունիկալ չէ, եւ միշտ էլ նման բաներ եղել են:
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը չորս բանաձեւերով անդրադարձել է ԼՂՀ-ին, որեւէ կերպ չի շոշափվել ՀՀ-ի հարցը եւ ՀՀ-ն որպես հակամարտության կողմ երբեք չի հիշատակվել, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի հետ հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած փորձ անօրինական է»,-նկատեց փորձագետը:
Կենտրոնի համահիմնադիր Տարոն Սիմոնյանի խոսքով` հարցը պետք է բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, քանի որ Ադրբեջանը, հանդիսանալով խորհդի անդամ, պարբերաբար ոչ հայանպաստ հուշագրեր է տարածում այս թեմայի վերաբերյալ: