4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրբապատկերը եւ նրա կիրառությունը եկեղեցում նույնքան հին է, որքան ինքը` եկեղեցին: Հայ Առաքելական եկեղեցում սրբապատկերներն առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք զարդարում են սուրբ Սեղանը, եկեղեցու, տաճարի եւ գավթի որմերն ու սյուները: Այդ պատկերների առջեւ է, որ մենք սովորաբար մոմ ենք վառում եւ աղոթում: Հոգեւոր արվեստի տարածված այս տեսակը` Արարատյան Հայրապետական թեմի ՙԱրարատ՚ միության գրասենյակում սրբանկարչության եւ մանրանկարչության ուսուցչուհի Լիանա Առաքելյանի համար միայն մասնագիտություն չէ, այլեւ ապրելակերպ:
ՙՍտանալով մանկավարժի և հագուստի մրդելավորողի մասնագիտություն, տարիներ անց զգացի Աստծուն մոտենալու եւ ծառայելու ցանկություն եւ որոշեցի սովորել սրբանկարչություն՚,- ՙԱրմենպրես՚-ի թղթակցի հետ զրույցում ասաց սրբանկարչուհին` հավելելով, որ երբեւէ չէր կարող պատկերացնել որ ՙՍուրբ Հովհաննես Կոզեռն՚ կրթամշակութային կենտրոնում դիպլոմային աշխատանքը պաշտպանելուց հետո` տարիներ անց սրբանկարչությունը դառնալու է իր կյանքի անբաժան ուղեկիցը: Նրա խոսքով` գնալով աճում է մարդկանց հետաքրքրությունը սրբապատկերների հանդեպ: Լիանան համոզված է, որ սրբանկարչությունը Աստծուն մոտենալու եւ նրան ծառայելու լավագույն ճանապարհներից մեկն է: Նա մասնագիտությանը վերաբերող հմտությունները մեծ սիրով փոխանցում է նաեւ իր սաներին` միասին մասնակցելով հաշվետու ցուցահանդեսների:
ՙԱյս գործում չկա որեւէ տարիքային սահմանափակում, սովորում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՚,- նշեց Լիանան: Նա տեղեկացրեց, որ կանոնիկ սրբապատկեր նկարող սրբանկարիչը իրավունք չունի ստեղծագործելու, այլ պետք է օգտվի դարեդար, սերնդեսերունդ փոխանցվող կանոններով սահմանված նմուշներից, ծանոթանա այն սրբի վարքին, որին պատրաստվում է պատկերել կտավի կամ փայտի վրա:
Լիանան գտնում է, որ թեեւ տեխնիկապես հնարավոր է տիրապետել սրբանկարչության հմտություններին 1-2 տարում, սակայն մասնաիգտությունը լիովին ճանաչելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակահատված:
ՙԵրբ տանը կամ եկեղեցում ինչ-որ մեկը աղոթում է, սրբապատկերի առջեւ հասկանում ես, որ յուրօրինակ օգտակար աշխատանք ես կատարում՚,- ասաց Լիանան:
Եկեղեցում սրբապատկերը գործածելի է դառնում միայն հատուկ կարգով օրհնվելուց եւ օծվելուց հետո, սրբապատկերը ի տարբերություն այլ նկարների ստեղծվում է աղոթքի ուղեկցությամբ, հատուկ ներկերի միջոցով:
Հայ առաքելական եկեղեցու կանոնադրությանը համաձայն սրբապատկերը եկեղեցու եւ եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է: Հայաստանում սրբապատկերների եւ եկեղեցական գեղանկարչության այլ նմուշների վերամշակմամբ եւ ռեստավրացմամբ է զբաղվում Ազգային պատկերասրահը` արտասահմանում վերապատրաստված հայ մասնագետների կողմից: Պատկերասրահն իրականացնում է միայն իր ցուցանմուշներում առկա սրբապատկերների վերականգնման անշխատանքներ: Հայ Առաքելական եկեղեցում սրբապատկերները դարեր ի վեր հիմնավոր կիրառություն են ունեցել թե առանձին պատկերներով եւ թե որմնանկարչության, մանրանկարչության եւ քանդակագործության մեջ: