Կարծիքներ

Էվանսվիլլից մինչև Հայաստան, կամ ինչպես հպարտանալ

5 րոպեի ընթերցում

Էվանսվիլլից մինչև Հայաստան, կամ ինչպես հպարտանալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ մասնակցեցի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ իսրայելցի առաջատար լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում վարչապետը խոսեց ամենատարբեր թեմաներով: Ինձ համար, սակայն, առավել տպավորիչ էին վարչապետի շեշտադրումները երկրում կատարված բարեփոխումների մասին: Վարչապետը, մասնավորապես, ենթակառուցվածքների մասին հարցին ի պատասխան, նշեց, որ Իսրայելի հետ համեմատած, Հայաստանի վիզա ստանալը մոտ 10 անգամ ավելի հեշտ է, և որ վիզան արտասահմանցիները կարող են ստանալ օդանավակայանում և նույնիսկ էլեկտրոնային եղանակով:

Սա այն դեպքերից էր, որ փոխլրացրեց ամերիկյան փորձի առավելությունների մասին պատկերացումս:

Երբ աշխատում էի Ինդիանայի Evansville Courier & Press թերթում, ինձ` հետխորհրդային տարածաշրջանից եկածիս համար, ինչ-որ չափով զարմանալի էր հանրային հարցերի քննարկման այնտեղի ձևաչափը: Օրինակ, ջրհեղեղի ժամանակ իմ թերթի կայքում գործող live chat գործիքը հնարավորություն էր տալիս տեղի բնակիչներին անմիջական հաղորդակցության մեջ մտնել իրենց շերիֆի հետ, քննարկել հիմնախնդիրներ և համատեղ փնտրել լուծումներ: Էվանսվիլլի թերթի օրինակը ցույց էր տալիս, որ “ինֆորմացիոն դարպասապահներ” (հոսում է միայն այն տեղեկատվությունը, ինչը տվյալ լրատվական միջոցն է հրապարակում) համարվող ԶԼՄ-ները փորձում են օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, որպեսզի վերահաստատեն իրենց ավանդական դերերը, քանի որ մտահոգված են, որ նոր տեխնոլոգիաները կառավարություններին տալիս են քաղաքացիների հետ անմիջական (առանց ԶԼՄ խողովակների) շփումների համար անհրաժեշտ գործիքներ:

Իրականությունը ցույց է տալիս, որ այս գործիքներից Հայաստանի կառավարությունը փորձում է առավելագույնս օգտվել. տեղեկատվական տենոլոգիաների ներդրումը Հանրապետության տարբեր ոլորտներում աննախադեպ զարգանում է. դրա ապացույցներից է ՏՏ ոլորտի երկնիշ տնտեսական աճի արձանագրումը նույնիսկ ճգնաժամի տարիներին, և մասնավորապես, 2008թ.-ին մեկնարկած էլեկտրոնային կառավարության ծրագիրը, որի ձեռքբերումներից մեկը վարչապետի կողմից հիշատակված էլեկտրոնային վիզաների օրինակն է:

Նույն Ինդիանայում գործող առցանց հարկային ծառայության` Epay-ի, նման, մեր երկրում գործում է հարկային հաշվետվությունների լրացման էլեկտրոնային համակարգ: Եթե Լոս Անջելեսի բնակիչները հնարավորություն ունեն` առցանց լրացնելու Graffiti Removal Request ձևաթուղթը կամ զանգահարելու 311 թեժ գիծ` ահազանգելու այս կամ այն հարցի վերաբերյալ, հայաստանցիները կարող են նույնությամբ հրապարակել օրենքով սահմանված տեղեկատվություն առցանց հրապարակային ծանուցման Ազդարար պորտալի միջոցով, կամ կապվել 911 թեժ գիծ` ստանալու արտակարգ ծառայությունների աջակցություն:

Նույնկերպ, ինչպես Հյուսիսային Կառոլինայի եկամուտների դեպարտամենտն է ապահովում առցանց բիզնեսի գրանցում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը Հայաստանում հնարավորություն է տալիս

քաղաքացիներին ու կազմակերպություններին` գրանցելու իրենց բիզնեսը 1 պատուհանի սկզբունքով համակարգի միջոցով` խնայելով ժամանակ (գրանցման գործընթացը տևում է ընդամենը 15 րոպե):

Ի վերջո, ԱՄՆ Կառավարությունը գործարկում է էլեկտրոնային համակարգ` ապահովելու էլ-փաստաթղթաշրջանառություն և թղթի խնայողություն: Նույնկերպ, Հայաստանի Mulberry համակարգը, որը կիրառվում է 35 պետական մարմիններում, ապահովում է ոչ միայն արդյունավետ և վերահսկելի աշխատանք, այլև կրճատում է վարչական ծախսերը: Այսպես, 2009թ.-ին Կառավարությունն օգտագործել էր 95 տոննա թուղթ` 67 մլն դրամ արժողությամբ, և արդեն 2010թ.-ին այդ թիվը կրճատվեց` ընդհուպ մինչև 33 տոննայի, ինչի արդյունքում խնայվեց 20 մլն դրամ:

Օրինակները շատ են, բայց կարևորը այն անկեղծ հավատն է, որ առնվազն ինչ-որ բաներ փոխվել են մեր երկրում: Միջազգային առաջատար փորձի հետ համեմատության օրինակները դրա խոսուն ապացույցներն են, իսկ իսրայելցի լրագրողի հարցին վարչապետի սպառիչ պատասխանը` այդ ապացույցների հպարտությունը:

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում