Քաղաքականություն

Հայաստանը ԵՄ-ից հավելյալ ռեսուրսային աջակցություն է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵՄ-ից հավելյալ ռեսուրսային աջակցություն է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր բարեփոխում սկզբնական շրջանում պահանջում է ռեսուրս` լինի դա մտավոր, թե նյութական. ԵՄ-ի «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը հենց դա է ենթադրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Դուրան Բարոզուի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր ակնկալիքն այն է, որ մեր կողմից հաստատված բարեփոխումների արագացման ռազմավարությունից բխած ծրագիրը, որի վրա մենք հիմա աշխատում ենք, նախատեսի նաև այդ հանգամանքը: Եվ եթե Հայաստանում բարեփոխումներն ընթանան իրոք արագ, քան մինչ այս ենթադրվում էր, ապա մենք ակնկալում ենք ռեսուրսային աջակցություն, ինչն իր հերթին կարագացնի բարեփոխումների ընթացքը»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Եվրոպական Հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին նշեց, որ անցած մայիսին Եվրոպական միության կողմից ընդունված «նոր պատասխան փոփոխվող հարևանությանը» փաստաթղթի համաձայն` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի հիմքի վրա հնարավոր կլինի տրամադրել հավելյալ ֆինանսական ռեսուրսներ այն գործընկերներին, որոնք կառուցում են խորը ժողովրդավարություն և հարգում ենք մարդու իրավունքներն ու ազատությունները: «Այս աջակցությունը կտրամադրվի ի հավելումն ազգային ինդիկատիվ ծրագրի: Օժանդակությունը, կարծում եմ` հասանելի կլինի այս տարվանից: Սա շատ կոնկրետ ճանապարհ է ցույց տալու այն հանձնառությունը, որ ԵՄ-ն ունի իր հարևաններին աջակցելու առումով: Նախ և առաջ սա կարևոր է հենց այդ երկրների համար, սակայն, էական է նաև ամբողջ տարածաշրջանի համար` կայունության հաստատման առումով»,- շեշտեց Բարոզուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում