Քաղաքականություն

Հայաստանը և ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համակարծիք են: ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համակարծիք են: ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համատեղ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ` ուղղված լինի դա թե' տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե' շփման գծում լարվածության թուլացմանը:

«Ադրբեջանը դեմ է, ցավոք սրտի, դիպուկահարների հետքաշմանն առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը: Ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի` ընդամենը մի քանի օր առաջ արած այն հայտարարությունը, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: «Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին»,- նշել է նա:

Սերժ Սարգսյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման, անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով:

Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,- շեշտել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում