2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Johnson & Johnson-ի գլխավոր տնօրեն Բիլ Ուելդոնը 2012 թվականի ապրիլին պաշտոնաթող կլինի: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալության տարածած տեղեկատվությունը: Պաշտոնաթողությունից հետո 63-ամյա Ուելդոնը, որը ողջ կյանքում աշխատել Է Johnson & Johnson-ում, մնալու Է ընկերության վարչության ղեկավարը:
Աշխարհում առողջապահության ոլորտի խոշորագույն ապրանքարտադրողի ղեկավարի պաշտոնաթողությունը հայտարարվել Է Johnson & Johnson-ի արտադրանքի, նախեւառաջ դեղորայքի եւ բուժսարքավորումների հետկանչերի պայմաններում, որոնք շարունակվում են արդեն երկու տարի: Հետկանչերը հարցականի տակ են դրել Johnson & Johnson-ի արտադրանքի որակը, իսկ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարների վնաս Է կրել:
Ուելդոնին կփոխարինի Johnson & Johnson-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքս Գորսկին, որը կդառնա ընկերության 9-րդ նախագահը 1886 թվականին դրա հիմնադրման պահից ի վեր:
Johnson & Johnson-ը հիգիենայի միջոցներ, դեղորայք եւ բուժսարքավորումներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն Է աշխարհում: Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում Է 60 մլրդ դոլարը: Ներկայում Johnson & Johnson ապրանքանիշի ներքո աշխարհում աշխատում են 250 ընկերություններ: