Ալժիրը թույլատրում է արտասահմանցի դիտորդներին հետեւել խորհրդարանական ընտրություններին
1 րոպեի ընթերցում

ԱԼԺԻՐ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրը հայտարարել է, որ թույլատրում է արտասահմանյան դիտորդներին մասնակցել 2012 թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com -ը, Ալժիրի ներքին գործերի նախարար Դահու Ուալադ Կաբիլան հայտնել է, որ ամերիկյան Կարտերի կենտրոնի եւ Ազգային դեմոկրատական ինստիտուտի, Եվրամիության եւ Արաբական երկրների լիգայի դիտորդներն առաջին անգամ հնարավորություն կունենան հետեւելու խորհրդարանական ընտրություններին:
Ալժիրում առաջին անգամ ընտրությունները ղեկավարելու են դատավորները եւ քաղաքական կուսակցությունները: Նախարարը նաեւ ավելացրել է, որ նոր խորհրդարանի առաջնահերթ խնդիրն է մինչեւ տարեվերջ փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Շատ ընդդիմադիրներ խորհրդարանը համարում են կառավարության գործիք օրենքներ ընդունելու համար: