Վարչապետը համոզված է` զորացրվելուց հետո ցանկացած երիտասարդ կունենա ուսումը շարունակելու հնարավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի մարտուկանությունը մշտապես գտնվելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին Արմավիր մարզի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում բարձրացել է սպառազինության մակարդակը, որը գերազանցում է քսան տարիների սպառազինության ծավալները: Սա է ճանապարհը տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ դրա ապահովման համար: «Ցանկացած երիտասարդ, որը ծառայում է բանակում, պետք է համոզված լինի, որ զորացրվելուց հետո հնարավորություն կունենա ուսումը շարունակելու համար: Առանձին անհատական աշխատանք է կատարվելու բոլոր զինծառայողների հետ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ եթե կան երիտասարդներ, որոնք ուզում են ուսումը շարունակել, կցվելու են տարբեր աշխատողների հետ եւ պատրաստվելու են բուհ ընդունվելու համար: Վարչապետի խոսքով` կրթության ոլորտում առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել անվճար. եթե իններորդ դասարանցին որոշում է կրթությունը շարունակել ուսումնարանում, քոլեջում, ֆինասնավորումը կկատարվի պետության միջոցների հաշվին, որով կբարձրացվի հասարակության կրթական մակարդակն ու որակը: «Բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, ավարտելը` դժվար: Դիպլոմ պետք է ստանան նրանք, ովքեր ունեն գիտելիք: Հինգ համալսարաններ պետք է անցնեն միջազգային հավաստագրում, որոնք ավարտելով` ուսանողները իրենց գիտելիքներով չեն զիջելու միջազգային համալսարանների ուսանողներին»,-ասաց վարչապետ Սարգսյանը:

Հայերեն English Русский