Տարածաշրջանային

ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ որոշում է կայացրել

2 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խախտել է խոսքի ազատությունը` կալանքի տակ վերցնելով լրագրող Էրբիլ Թուշալփին, ով իր հոդվածներում քննադատում էր երկրի վերչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Զամանը» գրում է, որ նման որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Թուրքական դատարանը պարտավորեցրել է Էրբիլ Թուշալփին վճարել շուրջ 5700 դոլար` երկրի վարչապետին քննադատող իր երկու հոդվածների համար, որոնք տպագրվել էին 2004 և 2005 թվականներին «Բիրղյուն» թերթում:

Լրագրողը շարունակաբար պնդում էր, որ հոդվածները նպատակ են ունեցել քննադատել Էրդողանին, ոչ թե վիրավորել նրան, սակայն դատարանը որոշեց, որ հոդվածներն անցել են թույլատրելի քննադատության սահմանները:

Թուրքիայի վճռաբեկ դատարանը հրաժարվել է գործը վարույթ ընդունել, ինչից հետո գործը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստրասբուրգի դատարանի որոշման մեջ նշվում է, որ ներպետական դատական ատյանների որոշումները «խախտել են Թուշալփի խոսքի ազատությունը»: ՄԻԵԴ-ը մասնավորեցրել է, որ քաղաքական քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր քննադատության պարագայում: «Էրդողանը պետք է ցուցաբերեր հանդուրժողականության ավելի բարձր աստիճան»,- նշում է թերթը:

«Ճիշտ է, որ պարոն Թուշալփն օգտագործել է երգիծական ոճ իր քննադատության մեջ: Այս համատեքստում դատարանը շեշտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»,- նշվում է դատարանի որոշման մեջ:

ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն` Թուրքիան պարտավոր է 5000 եվրո Էրբիլ Թուշալփին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում