Լեզվի պահպանության հարցում մեծ դեր ունեն նաեւ բջջային հեռախոսները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Ազգային գրադարանի հասարակայնության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպաման բաժինը փետրվարի 21-ին «Գրանիշ» գրական ակումբի հետ համատեղ կազմակերպել էին «Ինչպես ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում» խորագրով միջոցառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով կարեւորեց լեզվի պահպանման եւ անաղարտության հարցում բջջային հեռախոսների դերը:
«Երիտասարդությունը սոցցանցերում հիմնականում գրում են ռուսատառ եւ լատինատառ: Եթե մարդ մեկ տարի շարունակ գրում է այդպես, ապա դա նրա մոտ դառնում է սովորություն: Շատ քչերը հիմա գիտեն, որ հայերեն կարդալու համար հեռախոսների համար պետք են հատուկ ծրագրեր »,-ասաց մեդիա փորձագետը` հավելելով, որ կառավարությունը պետք է պայմանավորվի հեռախոս արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ, որպեսզի հեռախոսներում լինի նաեւ հայերեն. «Այսօր նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է ուղարկում լատինատառ, քանի որ եթե գրի հայերեն, հեռախոսների մեծ մասը այն ցույց կտա որպես անծանոթ նշաններ»:
Վերջին շրջանում Google եւ Yandex-ը սկսել են որոշ չափով ուշադրություն դարձնել հայերենին: «Համացանցում մենք շատ փոքր դեր ունենք, դրա համար էլ մենք ինքներս պետք է լուծում առաջարկենք»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը: Գրող Վաչագան Սարգսյանն էլ ավելացրեց, որ ինքը անցկացրել է հարցում, թե ինչու հայերեն չեն գրում: «Երիտասարդների մեծ մասը նշեց, որ հայերեն տառերը գեղեցիկ չեն եւ նրանք հայերեն գրել չեն սիրում»,-ասաց գրողը` հավելելով, որ դրա հիմնական պատճառն այն է, որ լատիներեն տառերն ավելի շատ են մշակված: