Տարածաշրջանային

Թուրքիայում արշավ է սկսվել ազգային հերոս Սաբիհա Գյոքչենի անվամբ կոչված կառույցները վերանվանելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամները ստորագրահավաքի արշավ են սկսել Աթաթուրքի որդեգիր զավակ, Թուրքիայի առաջին կին ռազմական հերոս օդաչու Սաբիհա Գյոքչենի անվամբ կոչված Ստամբուլի օդանավականներից մեկի ու Ադըյամանի նահանգի Քահթա քաղաքի դպրոցներից մեկի անունները վերափոխելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, ԱԶԿ ադըյամանցի պատգամավոր Մեհմեդ Մեթիները Քահթայում հայտարարել է, որ ամաչում է, որ Դերսիմի վրա ռումբեր նետած Սաբիհա Գյոքչենի անվամբ են կոչվել Ստամբուլի օդանավակայանն ու Քահթայի դպրոցը: «Դրանք պետք է վերանվանվեն», -ասել է նա: Ստորագրահավաքը սկսել է ԱԶԿ-ի «Կյանք» կոչված կազմակերպությունը: Վերջինիս ղեկավար Համզա Թեյմուրը լրագրողներին ասել է, որ արշավի վերջում դիմելու են համապատասխան մարմիններին` այդ կառույցները վերանվանելու համար:

1937-1938 թթ-երին Դերսիմի քուրդ, ալեվի, հայ, ասորի բնակչության կողմից իրենց իրավունքները պաշտպանելու բողոքի ակցիաները ճնշելու համար Թուրքիայի զինված ուժերը Աթաթուրքի թողտվությամբ հողին են հավասարեցրել 100-ավոր գյուղեր եւ սպանդի ենթարկել 100 հազարից ավելի մարդկանց: Այդ գործողություններին մասնակցել է նաեւ ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում