Տարածաշրջանային

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

2 րոպեի ընթերցում

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

ԱՆԿԱՐԱ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիբ Քափլանը դեկտեմբերի 28-ին Թուրքիայի օդուժի կողմից թուրք-իրաքյան սահմանում գտնվող Ուլուդերե գյուղի մոտ 35 քուրդ երիտասարդների սպանության կապակցությամբ դատական հայց է ներկայացրել այդ երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ ազգային հետախուզության ծառայության մի շարք աշխատակիցների նկատմամբ` պահանջելով պատժել նրանց Քրեական օրենսգրքի 76 եւ 77 հոդվածների համաձայն` «ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած հանցանքի համար»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Քափլանը հայցում նշել է, որ քուրդ գյուղացիների մոտ զենք չի եղել, նրանք չեն դիմադրել անվտանգության ուժերին, ոչ ոք չի արգելել նրանց գտնվել այդ տարածքում եւ այդտեղ 1999 թ-ից սկսած` բախումներ չեն եղել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ:

Միջադեպից հետո թուրքական որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունն ու զինվորականությունը տեղյակ են եղել, որ իրաքյան Քրդստանից Թուրքիա անցնող մարդիկ պարզապես մաքսանենգ վառելիք են տեղափոխում:

Անկարան այդ միջադեպի կապակցությամբ հայտարարել է, թե օդուժի ռմբակոծիչները խաղաղ բնակիչներին շփոթել են PKK-ի զինյալների հետ: Սպանվածները եղել են Ուլուդերե գյուղի բնակիչներ, որոնք զբաղված են եղել ավանդաբար մաքսանենգ ճանապարհով վառելիք տեղափոխելով, ինչի մասին տեղյակ են եղել տեղի իշխանությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում