Տարածաշրջանային

Թուրքիայում մեկ մլն-ից ավելի PKK-ականներ կան

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում մեկ մլն-ից ավելի PKK-ականներ կան

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում իրաքյան Քրդստանի վարչախմբի ներկայացուցիչ Կուբադ Թալաբանին, Թուրքիա-Իրաք հարաբերությունների հետ կապված թուրքական «Haberturk» թերթին արած մեկնաբանության մեջ հայտարարել է, որ Թուրքիայում 1 մլն-ից ավելի Քրդստանի աշխատավորների կուսակցության» (PKK) անդամներ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի որդին Թուրքիայի զինված ուժերի կողմից իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող Կանդիլ լեռան վրա տեղակայված PKK-ի ճամբարները, որտեղ մոտ 3 հազար քրդեր կան տեղավորված, ռմբակոծելու գործողությունների վերաբերյալ ասել է, որ Թուրքիայի կողմից նման գործողություններն անիմաստ են այն պարզ պատճառով, որ Թուրքիայի տարածքում 1 մլն-ից ավելի PKK-ի անդամներ կան:

«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ թույլ չենք տա Քրդստանի տարածքն օգտագործել հարեւան երկրների վրա հարձակումներ գործելու համար: Մենք Թուրքիայի հետ համագործակցում ենք PKK-ի հարցում, սակայն, ռազմական աջակցություն չենք կարող տալ», -ասել է Թալաբանին` նշելով, որ ռազմական ճանապարհը քրդական խնդրի լուծում չէ:

«Կանդիլում անգամ Սադամը հաջողություն չի ունեցել իր ռազմական գործողություններում: Քրդական խնդիրը վեր է զենքերից եւ բախումներից: Դա ինքության, պատմության, քաղաքականության, մշակույթի խնդիր է...: Թուրքիայի ներքին հարցն է, եւ եթե Անկարան խնդրի լուծման համար մեզնից օգնություն խնդրի, մենք դա հաճույքով կանենք», -ասել է Վաշինգտոնում իրաքյան Քրդստանի ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում