Բրայզան խոստովանել է սերը Թուրքիայի նկատմամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալիֆորնիա Կուրիեր»-ի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի ներկայիս գործողությունների, Բաքվում կատարած առաքելության, ինչպես նաեւ նրա թուրքամետ եւ հակահայկական վարած քաղաքականության մասին ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ասբարեզ» պարբերականը, Ադրբեջանում դեսպանի իր կարճաժամկետ առաքելության ավարտից հետո, Բրայզան թուրքական «Հյուրիեթ» պարբերականին անցած շաբաթ տված հարցազրույցում հայտարարել է, որ նա կլինի «խորհրդատու խոշոր ներդրումային ծրագրերում»: «Հյուրիեթ»-ում ունեցած հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել է այն մեղադրանքներին, համաձայն որոնց` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու տարիներին նա վարել է կողմնակալ է եւ ոչ պրոֆեսիոնալ քաղաքականություն:

Ուղերձում Սասունյանը նշում է, որ եթե ներկա պահին Բրայզան ազատ է, ապա ինչու՞ է շարունակում նույն թուրքամետ, սակայն հակահայկական կարգախոսները եւ հնարավոր է, արդյոք, որ նա փորձում է ձեռք բերել ապագա «գանձապետերի» վստահությունը: «Հակառակ դեպքում, թուրքական պարբերականին չէր հայտնի, որ քաղաքական գործիչները եւ խորհրդարանը չպետք է ներգրավվեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Եվ որպեսզի միավորներ հավաքի թուրք եւ ադրբեջանցի քաղաքական գործիչներից, «հարձակում» է իրականացրել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի վրա»,- նշում է Սասունյանը:

«Բրայզան «լեգիտիմ» է համարում թուրք պաշտոնյաների այն տեսակետները, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է քաղաքականապես ճանաչվի որպես ցեղասպանություն, որ այն որեւէ երկրում որեւէ քաղաքական գործչի խնդիրը չէ:: Բրայզան այնուհետեւ ավելի հեռու գնաց իր թուրքամետ հակումներում` բացահայտելով իր ժխտողական հայացքները»,-նշում է Սասունյանը` մեջբերելով Բրայզայի հետեւյալ հայտարարությունը. «Ճշմարտությունը բոլորի կողմից է, հատկապես` Թուրքիայի: Այս մասին բանավեճը (Հայոց ցեղասպանություն) ներկա պահին միակողմանի է ընթանում: Յուրաքանչուրը, ով տարբեր տեսակետներ ունի այս հարցի շուրջ, գրոհի է ենթարկվում որպես ցեղասպանության ժխտող, ինչն անմիջապես նշանակում է, որ դեմ ես մարդու իրավունքներին: Եթե հավատում եք, որ ցեղասպանությունը եղել է, ապա կարող եք հավասարապես դիտարկել, որ ցեղասպանություն եղել է նաեւ Արեւելյան Անատոլիայում թուրքերի եւ մուսուլմանների նկատմամբ»:

Սասունյանը նշում է. «Վերջապես, Բրայզան, թվում է, թե իրականացրել է իր վաղեմի երազանքը` բնակություն հաստատելով Ստամբուլում: 2005 թ-ին Անկարա կատարած իր այցի ժամանակ, երբ ԱՄՆ պաշտոնյաները նրան տեղի լրագրողներին ներկայացրին որպես «Թուրքիայի հին ընկեր», Բրայզան անկեղծորեն հայտարարեց, որ շատ ուրախ է Թուրքիա կրկին վերադառնալու համար, որ Թուրքիան ասես երկրորդ տուն լինի նրա համար»:

Հարութ Սասունյանը նշում է, որ ներկայում Բրայզայի երազանքն արդեն իրականացել է:

«Հյուրիեթ» պարբերականանը նշել էր, որ մեկ ամիս առաջ Բաքուն լքելուց հետո Բրայզան բնակություն է հաստատել Ստամբուլում: «Չեք կարող պատկերացնել` որքան երջանիկ եմ Ստամբուլում....նայեք ինձ, ես ամուսնացած եմ թրքուհու հետ»,-բացականչել է Բրայզան:

Հայերեն English