Պաշտոնական

Քուվեյթը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Քուվեյթը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամական հարաբերություններն առաջիկայում կշարունակվեն խորանալ և ընդլայնվել: «Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային ծրագրեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ տարբեր ուղղություններով:Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Այդ համատեքստում, կողմերը քննարկել են Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և 400 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և երկու երկրների միջև ավիաչվերթերի հնարավոր իրականացմանը:

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և կառավարության ղեկավարին հրավիրել մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում