Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնունայն է վերադարձել Փարիզից
1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանում դեկտեմբերի 22-ին քննարկման եւ քվերակության դրված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ լոբբիստական առաքելությամբ Փարիզ մեկնած Թուրքիայի խորհրադարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրի գլխավորած պատվիրակությունը ձեռնունայն է վերադարձել Ստամբուլ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում Բոզքիրը լրագրողներին խոստովանել է, որ իրենց չի հաջողվել համոզել ֆրանսիացի պատգամավորներին` չընդունել հայկական օրինագիծը:
«Ֆրանսիայի նախագահից սկսած` կառավարության բոլոր անդամները, քաղաքական գործիչները եւ խորհրդարանականները կողմ են նախագծին: Կարծում եմ, որ վաղվա քվերակության ժամանակ օրինագիծը կընդունվի, քանի որ դրան աջակցում են Սարկոզին եւ խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող կուսակցության պատգամավորները», -ասել է նա` նշելով, որ իրենց հույսն այն է, որ Ֆրանսիայի Սենատը չվավերացնի հայկական օրինագիծը: