Իսրայելի եւ Ֆրանսիայի օրենսդիր մարմիններում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումներից սպասելիքները մեծ չեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսեթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի քննարկումը շատ քիչ հավանական է' հայերի համար ցանկալի արդյունք տա. այն քաղաքական նպատակներով է ծառայեցվում: Նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը' հավաստիացնելով, որ Իսրայելն այժմ Թուրքիայի հետ հարաբերությունների այնպիսի փուլում է գտնվում, որ օգտագործելու է իր ձեռքի տակ եղած բոլոր ճնշման միջոցները:
«Սպասելիքները շատ չեն նաեւ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ օրինագծի քննարկումից: Ամենայն հավանականությամբ, այն կտեղափոխվի մինչեւ նախագահական ընտրություններ, որտեղ արդեն այդ հարցի լուծումը կդառնա նախագահության թեկնածության ներկայացուցիչներից մեկի հաղթաթղթերից մեկը»,- ասաց թուրքագետը' հավելելով, որ Ֆրասիայի նախագահի թեկնածուներն արդեն բազմաթիվ առիթներով կատարել են իրենց հայտարարություններն ու մոտեցումը Հայոց ցեղասպանությանն ու դրա ժխտողականության դեմ կատարվելիք քայլերին: