2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություներն ավելի շատ հասարակության խնդիրն է: Ինչպես նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, այսպիսի ընտրություններում մեծ նշանակություն են ունենում մարդկային հարաբերությունները: «Իջեւանի ընտրությունների արդյունքները մեծ ազդեցություն չեն ունենա համապետական ընտրությունների վրա: Նախկին քաղաքապետը, տասը տարի աշխատելով, կարող էր հավաքած լինել այնպիսի դժգոհություններ, որը պատճառ դառնար չընտրվելուն»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով' այս ընտրություններից կարելի է հանգել այն եզրակացության, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է լրջորեն աշխատի, եթե ազնիվ նպատակներ ունի:
Ալեքսանյանն էլ նշեց, որ ցանկացած ընտրությունից հետո հետեւություններ ու վերլուծություն արվում են, բայց ոչ թե կուսակցական մասշտաբով:
ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրություններից տարբերվում են նրանով, որ քաղաքականացաված չեն, որքան համապետական ընտրությունները: «Եթե քաղաքապետն ընտրություններում պարտվում է, դա չի նշանակում, որ պարտվում է կուսակցությունը»,- նշեց նա: