Հասարակական

Նանսենի արձանը` Երեւանի սրտում

5 րոպեի ընթերցում

Նանսենի արձանը` Երեւանի սրտում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի սրտում' Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող 30 քմ մակերեսով առանձնացված տարածքում, այսօր բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի բրոնզաձույլ արձանը: Անվանի բեւեռախույզի, գիտնականի, հասարակական գործչի ու հումանիստի, հայ ժողովրդի մեծ բարեկամի արձանը բացվեց նրա հոբելյանական 150-ամյակին նվիրված միրջոցառումների շրջանակներում: Քանդակագործը Գարեգին Դավթյանն է, իսկ ճարտարապետը' Ասլան Մխիթարյանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն, Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը, բարձրաստիճան այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով բոլոր ներկաներին, նշեց, որ Երեւանի սրտում բացվում է մեծ երախտավորի արձանը' որպես վկայություն, որ հայ ժողովուրդն իր երախտավորների հիշատակը կրում է իր սրտում: «Նանսենի սրտում է միշտ եղել Հայաստանը, եւ այսօր արդեն Հայաստանի գեղանի սրտում է Նանսենի արձանը: Այն արդեն գալիս է ավելանալու այն բազմաթիվ փողոցներին, դպրոցներին, մանկատներին, հիվանդանոցներին, որոնք սփռված են Հայաստանի բոլոր անկյուններում' Երեւանում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում եւ այլուր, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի ակնածանքը Նանսենի պայծառ հիշատակի առջեւ»,- ասաց ԱԳ նախարարը' հավելելով, որ Նանսենը փրկել է ոչ միայն հարյուրհազարավոր հայերի, այլեւ նրանց սասանված հավատը առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը եւ մնալ միայն ցեղասպան բարբարոսը: «Նա օգնեց փրկելու ոչ միայն հավատը մարդկային էության, ոչ միայն սեփական ապագայի, այլեւ մարդկության վաղվա օրվա հանդեպ, հավատ առ այն, որ ապրիլի 24-ին հաջորդելու էր ապրիլի 25-ը»,- նշեց ԱԳ. Նախարարը' շնորհակալություն հայտնելով նորվեգացի ժողովրդին մարդկությանը այսպիսի զավակ եւ մեր ժողովրդին այսպիսի բարեկամ պարգեւելու համար:

Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն նշեց' իր համար մեծ պատիվ է, որ իր այցը Հայաստան համընկել է Նանսենին նվիրված հոբելյանական միջոցառումներին: «Նա բազմաթիվ տաղանդների տեր եւ հոյակապ անձնավորություն էր' բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր եւ նա միշտ մարդասիրական առաքելությամբ էր հանդես գալիս եւ մեծ նվիրվածությամբ պաշտպանում էր փախստականների եւ քաղաքացիական իրավունքները»,- ասաց նա' հիշեցնելով, որ Նանսենը հավատում էր, որ հասարակ մարդիկ կարող են մեծ խնդիրներ լուծել եւ ապացուցեց դա, նա հավատում էր, որ աղքատները եւս կարող են իմաստալից կերպով ապրել եւ ոչ միայն հավատում, այլեւ անում էր դա: «Յուրաքանչյուր նորվեգացի հպարտ կլինի այս հուշարձանով: Հուսով եմ, որ այն կծառայի ոչ միայն հիշողությունը վառ պահելու համար, այլեւ ուսուցանելու մատաղ սերնդին, որ պետք է ձգտել համընդհանուր արվեստների պահպանմանը եւ դրանց հետագա զարգացմանը»,- շեշտեց նախարարը:

Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը նշեց' իր համար մեծ պատիվ է, որ այսօր ինքը գտնվում է պապի արձանի բացման արարողությանը: «Ես նրան անձնապես լավ չեմ ճանաչում, քանի որ մանկիկ եմ եղել, երբ նա հետացել է այս կյանքից: Բայց ես շատ բան եմ իմացել հայրիկիցս եւ կարդացի նրա գիրքը ու հասկացա, որ նա իսկապես մեծապես հպարտանում եւ սիրում էր Հայաստանը»,- ասաց նա'իր ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Հայաստանին եւ հայերին' Նանսենի անունը վառ պահելու եւ այս արձանը կառուցելու համար:

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով' Նանսենի հայասիրության եւ մարդասսդիրական առաքելության մասին կարելի է ժամերով խոսել, բայց վստահ է, որ յուրաքանչյուր հայ այսօր ունի իր ասելիքը: «Այսօր այստեղ ենք, որ մեր երախտագիտության եւ պարտքի խոսքն ասենք մի մարդու, ով մեծ ավանդ բերեց Մեծ եղեռնից փրկված հազարավոր հայորդիների»,- կարեւորեց նա:

Քանդակագործը' Գարեգին Դավթյանը, ուրախությամբ արձանագրեց, որ հենց իրեն է բախտ վիճակվել Նանսենի արձանի հեղինակը լինել: «Նա բարձր արժեք ունեցող մարդկանցից մեկն էր, եւ հենց ինքը ցանկացել է այդ արժանիքը շեշտել»,- ասաց նա' կարեւորելով այն հանգամանքը, որ Նանսենը միայնակ գնացել է ողջ մարդկության անտարբերության, ոչ դրական գծերի դեմ եւ շատ դեպքերում' հաղթանակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում