Հայաստանը եւ Նորվեգիան կխորացնեն տնտեսական հարաբերությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեի հայաստանյան այցն ունի նաեւ տնտեսական բաղկացուցիչ: Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան երկու երկրների նախարարները ներկա են գտնվել Նորվեգիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի մեկնարկին, որը նվիրված է էներգետիկ անվտանգությանը եւ փոքր էներգետիկայի զարգացմանը:
«Մենք ցանկանում ենք խորացնել Հայաստանի եւ Նորվեգիայի հարաբերությունները: Մենք դեռեւս առաջընթացի կարիք ունենք տնտեսական ոլորտում, իսկ այն ոլորտներում, որտեղ Նորվեգիան ունի փորձառություն, պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ»,- ասաց Յոնաս Գահր Շտյորեն: