Ըստ Սաբինա Ֆրեյզերի` առաջիկա երկու տարիներին ԼՂ խնդրում լուրջ առաջընթաց չի ակնկալվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երկու տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում որեւէ լուրջ առաջընթաց չենք ակնկալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը' կարծիք հայտնելով, որ բանակցային գործընթացի դանդաղումը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների անցկացման հետ:
«Միջազգային հանրությունը եւ համանախագահ երկրները գործադրել են իրենց բոլոր ջանքերը»,- նշել է Ֆրեյզերը' հույս հայտնելով, որ խնդիրը կկարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:
Նրա խոսքով' չնայած բանակցային գործընթացը դանդաղում է, սակայն անհրաժեշտ է շարունակել աշխատանքը երկու երկրների քաղաքացիական հասարակությունների հաշտեցման ուղղությամբ: