Կ. Բեքարյան. «Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն չունենք»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-թուրքական գործընթացում մենք ոչ մի փոփոխություն չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով օրերս հայ-թուրքական արձանագրությունների' Թուրքիայի խորհրդարան վերադարձին, ասաց քաղաքական փորձագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, երբ արձանագրությունները դուրս եկան խորհրդարանից, Թուրքիան դա բացատրեց տեխնիկական եւ ընթացակարգային խնդիրներով: «Եթե սա տեխնիկական էր, փոփոխություն չկա: Եթե քաղաքական էր, առավել եւս փոփոխություն չկա' միակողմանի որոշում էր կայացվել, միակողմանի էլ հետ կանչվեց»,-ասաց փորձագետը' հավելելով, որ Հայաստանն այսօր որեւէ քայլ չունի. քայլ պետք է անի Թուրքիան:
Փորձագետը խոսեց Աղթամարի եկեղեցու օրինակի շուրջ: Նրա խոսքով' հարեւան պետությունը այն, ինչ կարելի էր արտահայտել մեկ բառով, տրոհում է բազմաթիվ բաղադրիչների. նախ հայտարարվում է, որ հայկական եկեղեցի է վերակառուցվում, ապա սկսում են քննարկել' եկեղեցում խաչ դնել-չդնելու հարցը, հայտարարվում է, որ տարին մեկ անգամ պատարագի իրավունք կտրվի այնտեղ, որոշ ժամանակ անց ասվում է, որ բոլոր տաղավար տոներին պատարագի մատուցման թույլտվություն կտրվի: Ըստ Կ. Բեքարյանի' սա քարոզչական նպատակներով իրականացվող քայլ է: Նրա համոզմամբ' պետք է կարողանալ հստակ տարանջատել Թուրքիայի կատարած քայլերը' որն է իրական, որը' PR գործողություն: