2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բոլոր մարդիկ երաժշտության կարիք ունեն, եւ յուրաքանչյուր երաժիշտ երջանիկ է իրեն զգում, երբ կարողանում է իրեն վիճակված առաքելությունն իրականացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց աշխարհահռչակ ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն, ով Հայաստան է ժամանել' մասնակցելու Երեւանյան երաժշտական միջազգային 5-րդ փառատոնին:
Դայշին Կաշիմոտոն ծնվել է ճապոնիայում, ապրել է Լոնդոնում, կրթություն ստացել ԱՄՆ-ում եւ այժմ ելույթ է ունենում աշխարհահռչակ բեմերում, սակայն, այնուամենայնիվ, իրեն ճապոնացի է համարում: «Ես միշտ տարօրինակ զգացողություններ եմ ունենում, քանի որ իմ մեջ կան բազմաթիվ' ճապոնացուն հատուկ գծեր, բայց ես ինձ նույնքան եվրոպացի եւ ամերիկացի եմ համարում»,- ասաց նա' հավելելով, որ ինքն իր երաժշտությունը միջազգային լեզու է համարում, որը հասնում է յուրաքանչյուրի սրտին:
Անդրադառնալով այն հարցին, թե երաժշտության ասպարեզում ինքն արդյոք ունի կուռքեր' անվանի ջութակահաը պատասխանեց. «Իմ կուռքը հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանն է»: Իսկ անդրադառնալով սիրած կոմպոզիտորներին եւ ստեղծագործություններին' ասաց, որ դա կախված է, թե ինչ է նվագում: «Ես հաճախ սիրում եմ այն, ինչ-որ նվագում եմ»,- նշեց երաժիշտը' հավելելով, որ դա կախված է նաեւ իր տրամադրությունից:
Ինչ վերաբերում է հայ աղջիկներին, ապա նրանք իր վրա ցնցող տպավորություն են գործել: