2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսը կարիք ունի կինոդահլիճների' կինոյի մշակույթը հաստատուն պահելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Նրա խոսքով'Գորիսում կան երկու կինոթատրոններ, որոնք չեն ծառայում իրենց նպատակին, օգտագործվում են այլ նպատակներով: «Ունենք մի քանի մշակութային սրահներ' Մշակույթի պալատը, Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որոնք հարմարեցված են կինոդիտումներ անցկացնելու համար»,-նշեց նա: «Արմենպրես»-ի հարցին պատասխանելով' քաղաքապետը նշեց, որ կինոթատրոնների վերագործարկման ծրագիրը պետք է քննարկվի ՀՀ կառավարության նիստում:
Իր հերթին' Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասաց, որ հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի կինոթատրոնների վերաբացմանը եւ հույս հայտնեց, որ «Կինոաշուն» ազգային կինոյի ծրագիրը կմեկնարկի հենց այդ դահլիճներից:
Ի դեպ, «Կինոաշուն-2011»-ի բացումը տեղի ունեցավ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ինչպես իր խոսքում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ծրագրի մեկնարկը Գորիսում սկսելը պատահական չէր, քանի որ Սյունիքը եղել է հայոց պետականության երկիրը: «Նախորդ տարի ծրագրի սկիզբը եղել էր Երեւանում, այսուհետ կմեկնարկի մարզերում եւ կեզրափակվի մայրաքաղաքում»,-ասաց նա' հավելելով, որ մարզային ցուցադրությունները կանցակցվեն միաժամանակ մի քանի մարզերում' փորձելով այստեղ եւս աշխուժացնել մշակութային կյանքը:
Գորիսում կինոթատրոնների վերաբացման հետ կապված' Գեւորգ Գեւորգյանը ողջունեց այդ նախաձեռնությունը' հավաստիացնելով, որ նման քայլն օրինակ կլինի մյուս մարզերի համար:
Միջոցառման վերջում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Գեւորգ Գեւորգյանին պարգեւատրեց «Ակսել Բակունց» հուշամեդալով: