Սեպտեմբերի 28-30-ը Կիեւում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների միջազգային ինովացիոն համաժողովը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-30-ը Կիեւում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների միջազգային ինովացիոն համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, համաժողովը նվիրված է ԱՊՀ-ի ստեղծման քսաներորդ տարեդարձի տոնակատարությանը: Միջոցառման կազմակերպիչներն են' Ուկրաինայի գիտության, ինովացիաների եւ ինֆորմատիզացիայի հարցերի պետական գործակալությունը եւ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան:
Համաժողովի աշխատանքին կմասնակցեն Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարները, ԱՊՀ-ի գործադիր մարմինների, Համագործակցության երկրների գիտատեխնիկական եւ ինովացիոն քաղաքականության իրացման համար պատասխանատու նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները:
Համաժողովի անցկացումը նպատակամղված է ինովացիոն եւ գիտատեխնիկական ոլորտում ԱՊՀ-ի երկրների միջեւ համագործակցության զարգացմանը, էկոնոմիկայի գիտատար հատվածում ներդրումների ներգրավմանը, բարձրտեխնոլոգիական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնմանը: Համաժողովը արդյունավետ հարթակ կդառնա ԱՊՀ-ի բոլոր երկրների, Եվրամիության պետությունների եւ աշխարհի մյուս երկրների պրոֆեսիոնալների շփման համար:
Գործարար ծրագրի շրջանակներում բանավեճերի ու կլոր սեղանների ձեւաչափով միջոցառման մասնակիցները կկարողանան փորձի փոխանակում իրականացնել ինովացիաների եւ գիտատեխնիկական համագործակցության ոլորտում, քննարկել ընդհանուր հիմնախնդիրներն ու հասունացած հարցերը, գտնել նոր գործընկերներ ու հաճախորդներ, հիմք դնել բիզնեսի ապագա զարգացման համար, ներկայացնել իրենց մշակումները, լավագույն ինովացիոն նախագծերը: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներ' նվիրված ինովացիոն գործունեությանը: