Հ. Թովմասյան. «Անկախությունը հնարավորություն է, գործիք` ինքնուրույն որոշելու քո երկրի ճակատագիրը»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախությունը բավական չէ առկա բոլոր խնդիրների լուծման համար: Սակայն, անկախությունը հնարավորություն է, այն գործիք է ինքնուրույն որոշելու քո երկրի ճակատագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Մենք ունենք ձեռքբերումներ. դա մեր անկախ պետությունն է, Լեռնային Ղարաբաղի առկա կարգավիճակը: Առանց Հայաստանի անկախության անհնարին էին լինելու Արցախում մեր ձեռքբերումները: Երկու հայկական պետականությունների գոյությունն արդեն իսկ լուրջ արդյունք է»,- նշեց Հ. Թովմասյանը: Նրա կարծիքով' ձեռքբերում է այսօրվա բանակը, իսկ հայ ազգը պաշտպանված է զգում:
Չնայած ձեռքբերումներին' Հ. Թովմասյանի խոսքով' այդ ամենի կողքին կան բացթողումներ: Ըստ նրա' հանրային կյանքը նորովի կարգավորելու, մարդու հիմնական իրավունքներն ու արժանապատվությունը որպես բարձրագույն արժեք իրականում պահպանելու խնդիր կա:
«Բնականաբար, դրանց մեծ մասը պայմանավորված են այն գերատեսչության խնդիրներով, որը ես եմ ղեկավարում: Երկրում պետք է պետական ինստիտուտների նկատմամբ վստահություն լինի: Անկախ պետությունը խարխսված է 2 հիմնասյուների վրա' արդարադատություն եւ պաշտպանություն»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նախարարը նկատեց, որ ժողովրդի վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ պատշաճ մակարդակի վրա չէ: Նրա խոսքով' այստեղ անելիքներ կան: