Կարծիքներ

Դ. Ջամալյան. «Հայկական բանակի ամենամեծ ձեռքբերումը մեր ժողովրդի խաղաղության ապահովումն է»

3 րոպեի ընթերցում

Դ. Ջամալյան. «Հայկական բանակի ամենամեծ ձեռքբերումը մեր ժողովրդի խաղաղության ապահովումն է»

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում հայկական բանակի ամենամեծ ձեռքբերումը մեր ժողովորդի համար խաղաղության ապահովումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ զինված ուժերի' վերջին 20 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները' այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Վերջինս ձեռքբերումների թվում մեծ նշանակություն է տալիս մեր երկրի համար ձեւավորված ռազմաճակատի կոնֆիգուրացիային' աշխարհագրական դիրքին, որը, ըստ Դ. Ջամալյանի, մեծ ռազմավարական առավելություն է տալիս Հայաստանին եւ Արցախին: «Դա հնարավոր ագրեսիան շատ ավելի բարդ է դարձնում իրականացնել»,- նկատեց նա:

Մեր զինված ուժերն այժմ էլ կայանում են: Հայաստանի եւ Արցախի ռազմաճակատի առաջին գծի կոնֆիգուրացիան համահունչ է մեր բանակի որակին:

Զինատեսակների կատարելագործման առումով վստահաբար պետք է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր սպառազինություններն էապես թարմացվել են: Որակական առումով մենք թռիչք ենք ապրել, եւ դա թույլ է տվել, որ հակամարտության ողջ ընթացքում, առավել եւս նաեւ այժմ, գերակշռենք հակառակորդին: Այս առումով առաջիկայում էլ ոչինչ չի հուշում, որ այդ հավասարակշռությունը խախտվելու է»,- ասաց ռազմական փորձագետը:

ՀՀ ԶՈւ-ի ձեռքբերումների թվում Դ. Ջամալյանն առանձնացրեց նաեւ պայմանագրային զինծառայության ինստիտուտի ներդրումը: «Այդ համակարգի ամբողջությամբ կայացման դեպքում միջազգային հարաբերւթյուններում խնդիրներ չենք ունենա: Այդ ինստիտուտի ներդրման պարագայում ջոկի գլխավերեւում կանգնած կլինի ավելի հասուն հրամանատարը' գիտելիքներով օժտված: Այս համակարգն այսօր կայացման փուլում է, եւ ապագայում պետք է միջոցներ գտնենք, որպեսզի խթանենք այդ համակարգի կայացումը»,- ասաց ռազմական փորձագետը:

Վերջինս հիշեցրեց, որ այսօր մեր երկրի սահմանների առաջին գծի բազմաթիվ հատվածներ պաշտպանում են պայմանագրային ստորաբաժանումները: «Ըստ իս' մենք զորակոչից երբեւէ չպետք է հրաժարվենք, բայց զուգահեռաբար պետք է խթանենք նաեւ պայմանագրային զինծառայության համակարգը: Սա նաեւ լուծում է աշխատատեղերի խնդիր սահմանամերձ գյուղերում»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:

Նրա խոսքով' մենք այսօր ունենք բարեփոխումների մեջ գտնվող բանակ, որում փորձ է արվում ներդնել արեւմտյան մոդելի էլեմենտներ, քաղաքացիական ծառայողների ինստիտուտ, որը նպաստում է կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում